Բերման է ենթարկվել Սայաթ-Նովա բնակավայրի վարչական ղեկավարը

Աննա Անտոնյան Հունվար 18, 2024

Հունվարի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում Մասիս քաղաքի Հ. Վարդանյան փողոցում կանգնեցրել են Kia մակնիշի ավտոմեքենա:

Վարորդը չի ենթարկվել պարեկների «կա՛նգ» հրահանգին, և այն վարել է դեպի Մասիս քաղաքի 8-րդ փողոցի վերջնամաս:

Արդեն այնտեղ պարեկները մոտեցել են ավտոմեքենային և վարորդը կանգնել է:

Տեղում պարզվել է նրա ինքնությունը՝ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչ 35-ամյա Լևոն Սերոբյան: Պարեկները նրան հորդորել են, որ սթափության զննություն անցնի, սակայն նա հրաժարվել է և սկսել է հակաիրավական վարքագիծ ցուցաբերել՝ հնչեցնելով հայհոյանքներ, բղավելով պարեկների վրա:

Պարեկները նրան հորդորել են, որի դադարեցնի հակաօրինական գործողությունները, և ենթարկվի իրենց օրինական պահանջին, սակայն նա շարունակել է չենթարկվել ու հնչեցնել հայհոյանքներ, որից հետո պարեկները նրան խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին:

Սերոբյանը Մասիս խոշորացված համայնքի Սայաթ-Նովա բնակավայրի վարչական ղեկավարն է:

Կիսվել