Բելառուսը հույս ունի մեկ տարի հետո դառնալ ՇՀԿ-ի անդամ. Լուկաշենկո

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 23, 2022

Բելառուսը հույս ունի ՇՀԿ-ի անդամ դառնալ արդեն եկող տարի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

«Հաջորդ նիստը Հնդկաստանում է, եւ ես խնդիր եմ դրել իշխանության բոլոր մարմինների եւ ԱԳՆ-ի առջեւ՝ առաջին հերթին, որպեսզի մենք այդ ճանապարհն անցնենք մեկ տարում (կազմակերպությունն ավելի շուտ չի հավաքվի)»,- ասել է Լուկաշենկոն։

ՇՀԿ-ում նոր անդամների ընդունման դրույթի համաձայն՝ հայտատու պետությունը պետք է միանա կազմակերպությունում գործող միջազգային պայմանագրերին (իսկ դրանք մոտ 40-ն են), անհրաժեշտ փոփոխություններ կատարի ազգային օրենսդրությունում։ Օրինակ, Իրանին դրա համար ավելի քան մեկուկես տարի անհրաժեշտ եղավ։ «Նա անցել է նույն ճանապարհը, ինչ մենք ենք անցնելու։ Մենք մեկ տարում կանենք դա»,- նշել է Լուկաշենկոն։

Ինչպես տեղեկացվել է, Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 15-16-ին մասնակցել է ՇՀԿ-ի գագաթաժողովին։ Բելառուսի համար Սամարղանդում պետությունների ղեկավարների հետ հանդիպման արդյունքը որպես կազմակերպության անդամ ընդունվելու ընթացակարգը սկսելն էր։ Բելառուսական կողմի հայտը գագաթաժողովում միաձայն արժանացել է հավանության։


Կիսվել