Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունների կատարումը վերապահվել է Նաիրի Վահրամի Գալստյանին: «Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 11-ից ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի ժամանակա

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 11, 2022

Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։

Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է, որ առաքելությունը կգա, «Ազատությանը» ասել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։

Առաքելության կարևորության մասին երեկ խոսեց նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Եվրախորհրդարանի Պաշտպանության հարցերով հանձնաժողովում։

«Անդամ երկրների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը ծայրաստիճան կարևոր է Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար», - ասաց նա:

Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Բաքուն, որ մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, անզեն առաքելության դեպքում չէր ընդդիմացել, միաժամանակ ընդգծել էր, որ կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:

Երեկ, ի դեպ, Եվրամիության արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ և տեղյակ պահել Բաքվին Հայաստան ուղարկվելիք առաքելության մասին։

Ըստ քառակողմ հայտարարության՝ այն պետք է սկսի աշխատանքը հոկտեմբերին և գործի երկու ամիս:

Դիվանագետները չեն բացառում, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է գալ Վրաստանից, որտեղ Եվրամիությունն առաքելություն է տեղակայել 2008-ի սեպտեմբերից՝ ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո։

Վրաստանում, օրինակ, առաքելությունը 200 անզեն դիտորդ ունի՝ Եվրամիության տարբեր երկրներից։ Նրանք 24-ժամյա պարեկություն են իրականացնում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի վարչական սահմանների երկու կողմում բնակվող մարդկանց անվտանգությանը նպաստելու, հակամարտող կողմերի միջև վստահությունը վերականգնելու համար, ինչպես նաև իրավիճակի մասին տեղեկություններ են փոխանցում եվրոպական կառույցներին։

Հայաստանի դեպքում դիտորդների առաջնահերթությունը կլինի նաև զեկույցներ կազմել Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին աջակցելու համար։

Կիսվել