Բաքվի հետ բանակցային գործընթացում Երեւանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները․ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար

Աննա Անտոնյան Մարտ 01, 2023

Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման եւ ստորագրման բանակցային գործընթացում։ Իսկ դրանք,  ընդհանուր առմամբ, տեղավորվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության պաշտպանության շրջանակում։ Մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Հարցին, թե կոնկրետ որ կետերով Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն կարողանում համաձայնեցնել իրենց դիրքորոշումները, Խանդանյանը պատասխանեց, որ այս մասին պետք է խոսեն իրենք՝ բանակցողները։ «Այնուամենայնիվ, Հայաստանը տրամադրված է շարունակելու բանակցությունները։ Մենք հուսով ենք, որ շուտով կգա այն պահը, երբ մենք հնարավորություն կունենանք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծեց․ Հայաստանը պահանջում է ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերում Հայաստանի օկուպացված տարածքներից։

Կիսվել