Բաքուն Փարիզին խորհուրդ է տալիս «դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին»

Աննա Անտոնյան Հունվար 10, 2024

Բաքվում, ի պատասխան Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության, Փարիզին խորհուրդ են տալիս «դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին»։

Հիշեցնենք, որ հերթական դիվանագիտական սկանդալը տարածվել է լրտեսության մեղադրանքների շուրջ։ Դեկտեմբերի 4-ին Բաքվում ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռիանը, դրանից շատ չանցած ֆրանսիացի երկու դիվանագետ հայտարարվել է պերսոնա նոն գրատա եւ վտարվել է։

Նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ-ն AFP-ին տեղեկացրել էր, որ «Ֆրանսիայի քաղաքացին անհիմն կերպով ձերբակալվել է Ադրբեջանում, եւ Ֆրանսիան պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան»։

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնել է, որ «Եվրոպայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների պնդումները ֆրանսիացի քաղաքացու անհիմն ձերբակալման մասին խեղաթյուրում են իրականությունը, դա Ադրբեջանի ներքին գործերին եւ օրինական հետաքննության գործընթացին միջամտելու հերթական փորձ է»։

«Ադրբեջանական կողմը, նշված ֆրանսիացի քաղաքացու հանդեպ միջոցներ ձեռնարկելով, լիովին հետեւել է ազգային օրենսդրությանը եւ միջազգային պարտավորություններին։ Կասկածյալի ձերբակալման պահից Ֆրանսիայի դեսպանության հյուպատոսական վարչության աշխատակիցները մի քանի անգամ այցելել են նրան, եւ նրանք լիովին տեղեկացված են քրեական գործի մասին»,- ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Հաջիզադեն նշել է, որ «չնայած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բանավոր նոտա է ուղարկել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանություն՝ հարցի ուսումնասիրման նպատակով (Ֆրանսիայի դեսպանության երկու աշխատակիցների հետ նշված անձի համագործակցության մասին), ֆրանսիական կողմը հրաժարվել է որեւէ բացատրություն տալ եւ համագործակցել հետաքննության հետ։ Եվ այդ պատճառով դեսպանության աշխատակիցները Ադրբեջանի կողմից հայտարարվել են անցանկալի անձինք»։

Կիսվել