Այսօր՝ հունվարի 27-ին, Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում: Հունվարի 17-ին էլ կայացել էր նախնական նիստը:
Դատավարությանն ընդառաջ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ իր փաստաբանին և թարգմանչին ստիպել են ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։