Բավական է պետական մակարդակով մարդկանց խաբեն. թող հասկանան, թե ներքին կարգով այս փողերը ոնց են լվանում. տեղահանված քաշաթաղցիները ՝ Կառավարության անտարբերության մասին

Աննա Անտոնյան Մայիս 03, 2021

Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակիչներն այս պահին Կառավարության շենքի դիմաց են, նրանք բողոքի ակցիա են սկսել՝ ներկայացնելով, որ Կառավարության կողմից որևէ աջակցություն չի տրամադրվում տեղահանվածներին, անտարբեր են քաղաքացիների նկատմամբ:

Քաշաթաղի շրջանի Միջնավանի քաղաքապետարանի քարտուղար Մարիամ Հայրապետյանը նշեց, որ այսօր բնակիչերի հետ հավաքվել են Կառավարության դիմաց, քանի որ անելանելի վիճակում են:

«Երեկ Ստեփանակերտից Հայկ Խանումյանն էր եկել, իր տեսակետը հայտնեց, թե բոլորը պետք է հայրենիք վերադառնան, Ղարաբաղը շենացնեն: Հասկանում եմ, ընդունում եմ, բայց ինչ վերաբերվում է Քաշաթաղի շրջանի հարավային թևին, բոլորը վերաբնակիչներ են և 30 տարի շարունակ արյուն-քրտինք են թափել, հող են սարքել, պատերազմի օրերին պայքարել, հիմա նույն մարդկանց ասում են՝ պետք է գնաք Մարտակերտի գյուղեր, նորից հող դնեն, սարքեն: Բավական է պետական մակարդակով մարդկանց խաբեն: Ասում են՝ 5 մլն դրամի փոխհատուցումը կտանք, 5 մլն-ի գույք եմ թողե՞լ, 5 մլն-ի  քրտինք են թափե՞լ»,-ասաց Մարիամ Հայրապետյանը:

Նա նշեց, որ շատ օգնություններ չեն տրամադրվել արցախցիներին, որովհետև նրանց տրամադրվող գումարները յուրացվել են: «Բացահայտ եմ ասում՝ ով ինչ ուզում է, թող մտածի, բայց մենք տեսել ենք, թե ոնց են հաղթած պարտություն դրել մեր ուսերին: Այս ընթացքում անհատներ են մեզ օգնել, մենք շնորհակալ ենք նրանց, բայց Կառավարության կողմից խաբված ենք, թող մարդ նշանակեն, հասկանան, թե ներքին կարգով այս փողերը ոնց են լվանում, ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն թող սուրբ չձևանան»:

Բնակիչներից մեկն ասաց, որ մինչև հիմա չեն ստացել անգամ այն աջակցման ծրագրերի գումարները, որոնք տրամադրվում էին ու այս վիճակով չի կարող շարունակել, տեղից տեղ գնալ:

Կիսվել