Այս ընտրությունները դառնալու են յուրօրինակ հանրաքվե Փաշինյանի վերաբերյալ․ եթե նա վերարտադրվի, դա կլինի խայտառակություն հայ ժողովրդի համար․ Երվանդ Բոզոյան

Աննա Անտոնյան Մայիս 10, 2021

Թեև քաղաքական դաշտն արդեն որոշակի է, սակայն չկողմնորոշված զանգվածը բավականին մեծ է։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ներքաղաքական վիճակին։

«Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները շատ չեն, այս երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հուսախաբ արեց բոլորին և, ըստ էության, այդ հիասթափությունը ազդում է նաև անորոշության վրա։ Իր կողմնակիցների գործոնը հիմնականում պայմանավորված է նախկիններով, այսինքն՝ ոչ այնքան ինքը կողմնակից ունի, որքան հասարակության մեջ մի զանգված կա, որը կայուն մերժում է նախկիններին։ Նրանք, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տեսնում են վահան՝ պաշտպանվելու համար նախկիններից»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, որ նման խայտառակ արդյունք վերջին 30 տարիների ընթացքում ոչ մեկը չի արձանագրել։

«Կորոնավարակի դեմ պայքարի խայտառակ ձախողումը, դատական համակարգի նկատմամբ հարձակումները, Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումները և միայն պատերազմի արդյունքները բավարար են, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես մերժվի հասարակության մեծամասնության կողմից»,–ասաց նա։

Երվանդ Բոզոյանը նշեց, որ հասարակության 70–75 տոկոսը մերժում է Նիկոլ Փաշինյանին, որոնց մի մասը կընտրի ընդդիմադիրներին, իսկ մի զգալի մասն էլ կողմնորոշված չէ՝ մերժում է Փաշինյանին, սակայն կնախընտրեր այլընտրանք տեսնել։ «Նիկոլ Փաշինյանի միակ կարգախոսը նախկինների վերադարձի կանխումն է, որովհետև ինքն ուրիշ կարգախոս չի կարող ունենալ, ինքն այլ ձեռքբերում չունի, տնտեսական, սոցիալական քաղաքական ոլորտում ոչ մի ձեռքբերում չունի»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Երվանդ Բոզոյանը նշեց, որ ընդդիմադիր գործիչներն էլ փորձում են շեշտը դնել հենց Փաշինյանից ազատվելու վրա և իրենց գլխավոր գաղափարը «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսն է։ «Այս ընտրությունները դառնալու են յուրօրինակ հանրաքվե Փաշինյանի վերաբերյալ՝ նրան մերժո՞ւմ է հասարակությունը, թե՞ ոչ, իսկ եթե վերարտադրվի, դա կլինի խայտառակություն հայ ժողովրդի համար, նման բան աշխարհում չկա»,–հավելեց նա։

Կիսվել