Աստանայում կայացած նիստի արդյունքներով ԱՊՀ երկրների վարչապետները մի շարք միջազգային համաձայնագրեր են ստորագրել
Աննա Անտոնյան
Հոկտեմբեր 28, 2022
Աստանայում կայացած նիստի արդյունքներով ԱՊՀ երկրների վարչապետները մի շարք միջազգային համաձայնագրեր են ստորագրել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Վարչապետների խորհրդի ներկայիս նիստը դարձել է 80-րդը՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՊՀ-ի աշխատանքի մեկնարկից ի վեր, իսկ այս տարի՝ երկրորդը։ 2022 թվականին նախագահում է Ղազախստանը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ նախատեսվում է ստորագրել միջազգային պայմանագրերի ու փաստաթղթերի փաթեթ։ Այսպես, մասնավորապես, նախատեսվում էր համաձայնագիր ստորագրել սանիտարահամավարակային բնույթի հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ դրանց արձագանքման ոլորտում համագործակցության մասին։ Բացի այդ, նիստի արդյունքներով պետք է ընդունվի 2023-2026 թվականների միջպետական ռադիոնավիգացիոն ծրագիր, հաստատվի գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական համագործակցության հայեցակարգը։
Հաղորդվել է նաեւ, որ նախատեսվում է ստորագրել 2023-2024 թվականների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնահերթ միջոցառումների ծրագիրը եւ քննարկել Համագործակցությունում 2023 թվականին ռուսաց լեզվի տարին որպես ազգամիջյան հաղորդակցության լեզու անցկացնելու գործողությունների ծրագիրը։
Բացի այդ, հանդիպման մասնակիցները պետք է որոշումներ կայացնեն ԱՊՀ-ի ֆինանսաբյուջետային գործունեության վերաբերյալ, այդ թվում՝ 2023 թվականին Համագործակցության անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի եւ պատերազմի մասնակից վետերանների կյանքի որակի բարելավման միջպետական ծրագրի ֆինանսավորման առումով:
Կիսվել