Արտակ Բեգլարյանը գիտամեթոդական խորհրդի հետ քննարկել է պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագիծը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 10, 2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի մի խումբ անդամների՝ Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների շուրջ քննարկումների նախնական արդյունքներին տեղեկանալու և պետական լիազոր մարմնի անելիքները հստակեցնելու նպատակով: Ինչպես տեղեկացրին Արցախի կառավարությունից, խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ճարտարապետ Սերգեյ Գալստյանը ներկայացրել են կատարված աշխատանքները և քննարկված լուծումները:

Արտակ Բեգլարյանը ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման՝ ի դեմս Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման ու Հանրապետությունում թատերարվեստի զարգացման հարցերում կառավարության հանձնառությունը:

Ըստ այդմ, նա շեշտադրել է Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարականը, որ պետք է հավուր պատշաճի պատրաստել ոչ միայն շենքի վերականգնման, այլև՝ մշակութային միջավայրի պահպանման ու զարգացման նախագիծը, որի կյանքի կոչման ուղղությամբ ներդրվելու են թե՛ պետական, թե՛ բարեգործական միջոցներ:

Շահագրգիռ քննարկման արդյունքում վեր են հանվել որոշ սկզբունքային հարցեր, որոնց հստակեցման ու կարգավորման ուղղությամբ պետական նախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Կիսվել