Արմավիրում երթուղայինի ողբերգական վթարից մահացածներից երկուսը մայր ու որդի էին

Աննա Անտոնյան Նոյեմբեր 04, 2022

Արմավիրի մարզում երեկ՝ նոյեմբերի 3-ին, տեղի ունեցած ավտովթարից մայր ու որդի են մահացել։ Մայրը՝ Սաթենիկ Դավթյանը,  եւ որդին՝ 15-ամյա Հրաչյա Մնացականյանը, Քարակերտ գյուղից էին։ Հրաչյայի դասղեկը՝ Մարգարիտա Հովհաննիսյանը, պատմեց, որ մայրը որդուն այդ օրը բժշկի էր տարել։ 15-ամյա տղան երկու քույր ուներ, հայրն առեւտրով է զբաղվում, մայրը «Մեր աշխարհը» մանկական զարգացման կենտրոնի փոխտնօրենն էր:

«Հրաչյա Մնացականյանը շատ լուսավոր երեխա էր, մեզ մոտ է տեղափոխվել անցած տարվա մայիսին: Թեպետ առաջին երեք տարիներն այստեղ է սովորել տարրական դպրոցում, հետո տեղափոխվել է Երեւան, բայց կարծես՝ գյուղը ձգել է եւ անցած տարվա մայիսից վերադարձավ դպրոց: Շատ լուսավոր, դաստիարակված, գեղեցիկ երեխա էր: Հիշում եմ՝ անցած տարի դասարանով արշավի գնացինք, ասացի՝ արշավ է, ոտքով կգնանք, տեսնեմ Հրաչյան առաջինը մեքենաներով եկել են մեր տան դիմաց կանգած են: Ասացի՝ սա արշավ է, թե ավտոարշավ: Ասաց՝ ընկեր Հովհաննիսյան, հո չենք թողնի ոտքով գնաս հասնես լեռները»,- պատմեց 15-ամյա տղայի դասղեկը։

Նա ասաց, որ Հրաչյան ծրագրավորող էր ուզում դառնալ, ասում էր՝ կյանքը ծրագրավորման ուղղությամբ է շարժվում:

«Մայր ու որդի շատ կապված էին իրար հետ, չթողեց իր որդուն, միասին գնացին: Այսօր երեխաները եկան դասի, բոլորը հուզված են, լաց էին լինում, կարծես՝ իրենցից մի մասնիկ է գնացել: Այնքան կապված էր գյուղին ու գյուղի դպրոցին, որ մայիսին մայրը զանգեց՝ խնդրեց, համոզեք, որ գոնե այս մեկ ամիսն էլ մնա քաղաքում, սեպտեմբերից կգա գյուղի դպրոց: բայց չհամոզվեց, ստիպված ընդունեցինք դպրոց»,- պատմեց Մարգարիտա Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է, որ բախվել են Երեւան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը: Ավտովթարի հետեւանքով կա 4 զոհ եւ 7 տուժած քաղաքացի, որոնցից 2-ը բուժում են ստանում հիվանդանոցում։

Կիսվել