Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում. Արցախի պետնախարար

Աննա Անտոնյան Ապրիլ 05, 2023

Նա հիշեցրել է, որ տեղափոխումը հնարավոր կլինի միայն ՌԴ խաղաղապահների միջոցով։
Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում` պատճառն ադրբեջանական սադրանքներն են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա նշել է, որ տեղափոխումը հնարավոր կլինի միայն ՌԴ խաղաղապահների միջոցով՝ բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելով և կենտրոնի թույլտվությամբ:
«Ինչ վերաբերում է առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, ապա նրանց տեղափոխությունը ՀՀ կկազմակերպվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով՝ Արցախի առողջապահության նախարարության ցուցմամբ»,– գրել է նա:
Նա նաև հերքել է ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների ՀՀ տեղափոխելու մասին լուրերը։
Նշենք, որ երեկ Լաչինի միջանցքում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելափակել էին ՌԴ խաղաղապահների մեքենան, որով 27 անձ Գորիսից վերադառնում էր Ստեփանակերտ։ Չորս կանանց ինքնազգացողությունը դրանից վատացել էր, նրանցից 3–ը ուշագնաց էին եղել։

Կիսվել