Արցախի նախագահն այսօր հանդես կգա ուղերձով

Աննա Անտոնյան Մայիս 23, 2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով, հայտնում է «Արցախպրեսը»՝ վկայակոչելով Արցախի նախագահի գրասենյակը։

Երեկ ավելի քան չորս ժամ տևած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Միևնուն ժամանակ Հայաստանի գործադիրի ղեկավարն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։

Արցախից անընդունելի և առոչինչ համարեցին Փաշինյանի հայտարարությունները՝ նշելով՝ դրանցում «անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը»։

Երեկ ուշ երեկոյան Արցախի խորհրդարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում միաձայն ընդունված հայտարարությամբ արցախցի պատգամավորները պնդեցին՝ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է Հայաստանի անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։

Կիսվել