Արցախի ԱԺ հանձնաժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրվել
Աննա Անտոնյան
Նոյեմբեր 10, 2022
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին նիստ է հրավիրել. Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ նիստը վարում էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Ներկա էին հանձնաժողովի 3 անդամներ:
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար Էլեոնորա Ավանեսյանը որպես Հաշվեքննիչ պալատի անդամ առաջարկեց Միքայել Մուսայելյանի թեկնածությունը: Նա Հաշվեքննիչ պալատի գործող անդամ է, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարին: Ներկաները դրական արտահայտվեցին թեկնածուի մարդկային ու մասնագիտական որակների մասին:
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը որոշում ընդունեց հարցը խորհրդարանի հերթական նիստի օրակարգ մտցնելու վերաբերյալ:
Կիսվել