Արցախահայերի իրավունքները պետք է պաշտպանված լինեն. ՄԱԿ ցեղասպանության կանխման գծով հատուկ խորհրդական

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 11, 2023

ՄԱԿ ցեղասպանության կանխման գծով հատուկ խորհրդական Ալիա Վայրիմու Նդերիտուն հաստատել է, որ անհանգստացած է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակով, որտեղ ընդամենը մեկ շաբաթում Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 600 փախստական, այդ թվում՝ 30 000 երեխա։

«Ես կոչ եմ անում բոլոր ջանքերը գործադրել էթնիկ հայ բնակչության, որը մնացել է այս շրջանում, եւ նրանց իրավունքների եւ պաշտպանության ապահովման համար, ովքեր հեռացել են, ներառյալ վերադարձի իրավունքը, որը պետք է առաջնահերթ լինի»։

Հատուկ խորհրդականը կրկնել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կոչը, որ ներքին տեղահանված անձանց եւ նման իրավիճակում գտնվող փախստականների իրավունքները պետք է պահպանվեն, որպեսզի նրանք կարողանան իրականացնել վերադարձի իրենց իրավունքը անվտանգ եւ արժանապատիվ կերպով։

Վայրիմու Նդերիտուն նշել է, որ Ադրբեջանը երաշխավորել է էթնիկ հայ բնակչության պաշտպանությունը եւ նրանց իրավունքների ապահովումը։ Նա ողջունել է, որ ՄԱԿ-ին նախնական հասանելիություն է տրամադրվել այս շրջանում հումանիտար իրավիճակի գնահատման համար։ Նա ընդգծել է ակտիվ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը էթնիկ հայերի անվտանգության ապահովման վերաբերյալ։

«Այդ դրական քայլերը պետք է շարունակել նաեւ լիակատար հումանիտար հասանելիության տրամադրման միջոցով։ Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը քայլեր ձեռնարկել համալիր պլանի մշակման համար, ներառյալ այն մարդկանց վերադարձի իրավունքը, ովքեր փախել են, ինչպես նաեւ կոնկրետ քայլեր փոքրամասնությունների իրավունքների եւ պաշտպանության ապահովման ուղղությամբ, որոնք միջազգային իրավունքի անկյունաքարն են»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հետաքննել խախտումները, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները, եւ եթե դրանք հիմնավորված են, պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների եւ հումանիտար իրավունքի ոլորտում առկա համապատասխան միջազգային չափորոշիչների համաձայն։

Վայրիմու Նդերիտուն կրկնել է իր կոչը երկխոսությունն ակտիվացնելու վերաբերյալ, որպեսզի կանխվեն հետագա ցանկացած ռազմական թեժացում եւ բռնություն, ինչպես նաեւ ապահովվի ամուր խաղաղությունը տարածաշրջանում։ «Տարածաշրջանը շատ երկար է եղել բռնության վկան։ Խաղաղ բնակչության դեմ գործադրված ազդեցությունը միշտ կործանարար է եղել։ Հանցագործությունների ռիսկը պահպանվում է։ Բոլոր մարդիկ տարածաշրջանում արժանի են բռնությունից եւ վախից ազատ ապագա ունենալուն։ Այս ամենը պահանջում է կոնկրետ գործողություններ ամուր խաղաղության ապահովման, ինչպես նաեւ խոր սպիների, անվստահության հաղթահարման համար»։

Կիսվել