Անվտանգության երաշխիքներ Ուկրաինային կարող է տալ միայն Ռուսաստանի հետ պայմանագիրը. Դմիտրի Մեդվեդեւ
Աննա Անտոնյան
Օգոստոս 23, 2022
Կիեւի ռեժիմը շարունակում է ապագայի ինչ-որ «անվտանգության երաշխիքներ» հորինել իր համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Մեկ այս թեմայով հանդիպում են կանցկացնում առանձին ոչ կարեւոր հարեւանների հետ՝ մոռացված թոշակառուների նախագահությամբ, մեկ նորից հիշում են ՆԱՏՕ-ի մասին։ Բոլորի համար էլ պարզ է, որ ոչ մի հարեւան չի կարող իրենց երաշխիք տալ, նույնիսկ եթե մոլագարորեն ատում է Ռուսաստանը։ Իսկ ՆԱՏՕ Ուկրաինային հիմա ոչ ոք չի ընդունի։ Դաշինքում, թեեւ կան ռուսաֆոբներ, բայց նրանք ինքնասպաններ չեն։ Եւ սա հատուկ ռազմական օպերացիայի անմիջական արդյունք է։ Անվտանգության երաշխիքներ կարող էր տալ միայն Ռուսաստանի հետ պայմանագիրը։ Սակայն ուկրաինական կառավարությունը, արեւմտյան փողերով ու հրթիռներով խթանված, հրաժարվեց դրանից։ Այնպես որ, երաշխիքների մասով շատ վատ է։ Եւ վերջինը։ Կիեւի ռեժիմը հասկանում է, որ հենց իր (Ուկրաինայի ներկայիս ղեկավարների) համար անվտանգության երաշխիքներ ընդհանրապես չկան եւ չեն կարող լինել։
Զելենսկուն պայծառ ապագայի երաշխիքներ նույնիսկ ԱՄՆ-ն չի առաջարկի։ Անիմաստ է: Այժմ Ուկրաինայի վրա փող է աշխատում Joseph Robinette Biden & Sons ընկերությունը։ Դա շուտով կավարտվի: Չէ՞ որ ամերիկացիներն անուղղելի էգոիստներ են եւ աշխատում են միայն իրենց համար: Ուստի նոր թիմն առանց վարանելու կոռուպցիոն ուկրաինական թեման՝ դրա ֆիգուրանտների հետ միասին, պատմության զուգարանը կլցնի»,- նշել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների մասին առաջին փաստաթուղթը կարող է հայտնվել արդեն օգոստոսի 29-30-ը։
Կիսվել