Անորոշությունն է, գաղտնի համաձայնություններն են, որ մեզ ամենից շատ անհանգստացնում են․ ֆրանսահայ գործիչ

Աննա Անտոնյան Մայիս 23, 2021

Ֆրանսահայ լրագրող, Ֆրանսիայում գործող «Հայաստան» մշակութային միության նախագահ Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ ինքը անհանգստած է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից Արցախում պատերազմը դադարեցնելու համար ստորագրված 2020 թ. Նոյեմբերի 9-ի համաձայնագրերի և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված  պայմանավորվածություններից։

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ հայտնելով իր անհանգստությունը նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշման եռակողմ փաստաթղթի վերաբերյալ։

 «Ամեն ամեն ինչ չէ, որ գիտենք գործընթացների մասին, և հենց այս անորոշությունն է, այդ տեսակ գաղտնի համաձայնություններն են, որ մեզ ամենից շատ անհանգստացնում են»,- ասաց նա։

Նա մատնանշեց նաև, որ նոյեմբերի 9-ին Շուշիի անսպասելի անկմամբ հանձնումը մեծ անակնկալ ու նույնիսկ ցնցում էր իրենց համար: «Էլ ավելի մտահոգիչ է այդ համաձայնագրերի կիրառումն իր գաղտնի հավելվածներով»,- ասաց նա։

 Արցախից հետո, ըստ նրա, անորոշ է մնում Սյունիքի՝ Զանգեզուրի ճակատագիրը, որի մասին խոսում է «Ադրբեջանի բռնապետ» Իլհամ Ալիևը։ Նշեց՝ կարող են լինել գաղտնի պայմանավորվածություններ Սյունիքի ճակատագրի վերաբերյալ, հիշատակեց, որ խոսք է գնում ճանապարհների ապաշրջափակման, միջանցքների մասին: «Դա մեզ ևս անհանգստացնում է»,- ասաց նա։

Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ իրենց համար անհանգստացնող է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանցի զինվորների ներափանցումը և այնտեղ տեղակայվելը։  

«Ինչո՞ւ է հայկական բանակը ցուցաբերում զսպվածություն: Ինչո՞ւ Հայաստանը վրեժխնդիր չէ Հայաստանի ինքնիշխան տարածքի այս ներխուժման համար: Ինչո՞ւ չի միջամտում Ռուսաստանը, որը ռազմական պաշտպանության պայմանագրով կապված է Հայաստանի հետ: Այնքան շատ հարցեր կան, որոնք անհանգստացնում են մեզ: Հայաստանը պետք է շատ արագ վերականգնի իր քաղաքական կայունությունը, իր ինքնավստահությունն ու ուժեղ բանակը, որ կարողանա պայքարել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ»,- ասաց նա։

Կիսվել