Անկախ պատգամավորները դիմել են ԱԺ խմբակցություններին՝ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունների հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով

Աննա Անտոնյան Ապրիլ 27, 2021

Իրենք պետք է հասկանան, որ պատգամավորը իրավունք չունի նման վարքագիծ դրսևորել և ազդել անվտանգության օղակների վրա, սա պետք է բարձրաձայնվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգմավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարություններին, որի հետ կապված անկախ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը, Աննա Գրիգորյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը և Գևորգ Պետրոսյանը գրավոր դիմել են ԱԺ խմբակցություններին՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով։ 

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով Սյունիքում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրանից հետո բերման ենթարկվածներին, ասել էր․ «Այ տենց ստորացնելով բերման պետք ա ենթարկեն, բա ի՞նչ պետք է անեն»:

Ըստ Սոֆյա Հովսեփյանի՝ պատգամավորը ոչ միայն իրավունք չունի նման վերաբերմունք արտահայտել, այլ նաև պարտավոր է կանխելու նման գործողությունները։ «Այդ հարցը պետք է քննվի, բայց թե կքննվի հանձնաժողովում, թե խմբակցությունում, ճանաչելով իրենց՝ կարող է առանձնահատուկ վերաբերմունք չլինել, կամ կարող է ներողություն խնդրի իր մոտեցման համար։ Շատ մեծ հույսեր չունեմ, բայց այդ քայլը պետք է արվեր»,–ասաց նա։

Կիսվել