- Բոլորը, այդ թվում՝ նաև իշխանությունները կամ իշխանությունը ներկայացնող անձինք, շատ նրբանկատորեն են շոշափել այդ հարցը։ Հետևաբար, ինձ բաց տեքստով որևէ առաջարկ չի արվել իշխանությունների կողմից, բայց փորձել են իմանալ, թե ես ինչ զգացողություններ ունեմ կամ ինչ եմ մտածում։
- Դուք հիմա զբաղված եք խորհրդատվական գործունեությամբ, Ձեր ընկերության շրջանակներում այս կառավարության, պետության հետ, առհասարակ, առնչություն ունենո՞ւմ եք։
- Ցանկություն չունեմ և չեմ ունենում, բայց դա ոչ թե կարելի է գնահատել, որ, առհասարակ, այս կառավարության հետ չեմ ուզում, այլ, սովորաբար, եթե վերցնենք մեծ չորսնյակի աուդիտորական խորհրդատվական ընկերությունները կամ այն խորհրդատվական ընկերությունները, որոնք հաճախորդների ներգրավման ներքին համակարգեր ունեն, սովորաբար պետության և կառավարությունների հետ աշխատում են խորհրդատվական ծառայությունների մեջ չներքաշվել, որովհետև դա մրցակիցների կողմից ընկալվում է որպես քաղաքականության մաս կամ կառավարության, պետության հետ որոշակի գործարքների մեջ մտնելու հանգամանք, նաև անկախության կորուստ, որովհետև պետության հետ շփումները մասնագիտական անկախության ու շահերի բախման ռիսկեր են պարունակում։
- Այդուհանդերձ, Դուք տեսնում եք, թե Հայաստանն այսօր ինչ ծանր իրավիճակում է գտնվում, մենք սահմանների անվտանգության ինչ լուրջ խնդիր ունենք, ի՞նչ եք մտածում այս ամենի շուրջ, լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, և արդյոք ընտրությունները որևէ բան կփոխե՞ն մեր երկրում։
- Ես կարծում եմ, որ ընտրությունները պարտավոր են փոխել, որովհետև, եթե ընտրությունները ոչ մի բան չփոխեն, ես կարծում եմ, որ մենք լուրջ խնդիրներ կունենանք ապագայում։ Բայց ես երբեք կողմ չեմ եղել, որ արտահերթ ընտրություններ լինեն։ Ես ավելի հանգիստ կլինեի, ու ավելի տրամաբանական կլիներ, որ օրվա իշխանությունները, անկախ նրանից՝ այդ անձինք ովքեր են, չեմ անձնավորում, բայց այն իշխանությունը, որը վերջին իրադարձություններում ձախողվել է, թեկուզև միայն պատերազմը վերցնենք, ես ակնկալում էի, որ այդ իշխանությունը պետք է զիջի իր տեղը ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ձևավորելու մտքի ջատագովներին, որովհետև կարծում էի՝ մենք պետք է խելահաս լինեինք, և ներքաղաքական ու նախընտրական այս եռուզեռը, որը փաթաթում են ժողովրդի գլխին բոլորը, ես կարծում եմ, որ դրա կարիքն ամենևին չկար։ Մենք պետք է ունենայինք միայն մեկ օրակարգ, այդ օրակարգը պետականության կորուստը բացառելն էր և երկիրն այս փոսից, անդունդից հանելը։ Պետք է բոլորով ուղղակի օրակարգային այդ երկու կարևոր հարցի շուրջ հավաքվեինք և շատ ազնվորեն որոշումներ կայացնեինք՝ առանց որևէ հետին մտքի։
- Դուք հույս ունեք, որ ընտրությունների միջոցով իշխանությունը կփոխվի՞։
- Էսպես ասեմ՝ կարծում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի՝ անկախ նրանից, որ ես սատարում եմ ավելի շատ իշխանությանը, ոչ իշխանական ուժերին կամ ընդդիմությանը, դա հարցի երրորդական և չորրորդական կողմն է։ Անկախ նրանից՝ ովքեր են մասնակցում ընտրություններին, այսօրվա իշխանությունները չպետք է վերարտադրվեն։ Ավելին ասեմ՝ այն իշխանությունը, որի մասնակիցն եմ եղել ես՝ ինքս։ Դա մեր համընդհանուր ազգային շահերին դեմ է ուղղակի։ Բայց սրանով ես որևէ ընդդիմադիր ուժի իմ հիացմունքը կամ իմ սատարումը չեմ հայտնում։
- Պարոն Անանյան, Դուք Ձեզ նորից պետական կառավարման համակարգում տեսնո՞ւմ եք, թե՞ որոշել եք, որ այսքանով ավարտել եք Ձեր առաքելությունը՝ որպես պետական գործիչ, և շարունակելու եք Ձեր գործունեությունը այսուհետ միայն մասնավոր ոլորտում։
- Գիտե՞ք, եթե ես հիմա ասեի, որ ես համարում եմ՝ ավարտել եմ իմ առաքելությունը, ես առնվազն սուտ կխոսեի առաջին հերթին ինքս իմ առջև և ազնիվ չէի լինի, ու, ընդհանրապես, հայրենասիրության դրսևորում չէր լինի դա։ Ես որևէ ձևով կառավարությունում աշխատանքի կամ որևէ դերակատարում ունենալը չեմ բացառում, եթե կձևավորվի տեխնոկրատների և պրոֆեսիոնալների կառավարություն, և իմ ծառայությունների կարիքը կզգացվի, եթե լինի այդպիսի հրավեր։
- Իսկ ընտրությունների՝ որպես ընտրող, կգնա՞ք և որևէ ուժի ձայն կտա՞ք։
- Ընտրությունների պարտադիր պետք է գնամ և բոլորին կոչ կանեմ, որ բոլորը գնան և պասիվ չմնան, և որևէ ուժի պետք է բոլորը ընտրեն, որպեսզի որևէ ձայն չկորչի։ Ես՝ ինքս, գնալու եմ և, բնականաբար, ընտրելու եմ որևէ ուժի»,-գրում է թերթը։