Անկարան հայտարարել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է շտապեն կատարել իրենց խոստումները

Աննա Անտոնյան Հունվար 16, 2023

Անկարան հայտարարել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է շտապեն կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար իրենց խոստումները Թուրքիայում կայանալիք ընտրություններից առաջ, որոնք տեղի կունենան վեց ամսից էլ քիչ ժամանակ հետո, հայտնում է Bloomberg-ը։

Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդմիջում հայտարարել խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից վեց շաբաթ առաջ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։ Այնուամենայնիվ, Շվեդիան այս ամիս հայտնել է, որ Թուրքիան չափազանց շատ բան է պահանջում անդամակցության հաստատման դիմաց:

«Եթե ցանկանում եք, որ (դիմումը) վավերացվի, երկու-երեք ամիս ժամանակ ունեք»,- ասել է Քալինը:

Թուրքիան չի հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի դիմումները՝ պատճառաբանելով, որ երկրները բավարար միջոցներ չեն ձեռնարկել այսպես կոչված «ահաբեկիչների» դեմ։ Թուրքիայի կառավարությունը հատուկ ճնշում է գործադրում Շվեդիայի վրա՝ պահանջելով տասնյակ կասկածյալների, հիմնականում քրդերի եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների արտահանձնումը։

Քալինը ողջունել է Շվեդիայի սահմանադրական փոփոխությունները, որոնք վերաբերում են ահաբեկչության մասին օրենքներին, սակայն ասել է, որ իրավաբանական իրականացումը մինչեւ վեց ամիս կպահանջի: «Հավանաբար դրանցից մի քանիսը չի կարողանա իրականացնել վարչական կամ այլ ձեւերով»,- ասել է նա՝ հավելելով, որ Շվեդիան կարող է որոշակի փոփոխություններ կատարել մինչեւ հունիս։

Շվեդիան պետք է «գործողություններով, այլ ոչ միայն խոսքերով կամ հայտարարություններով ցույց տա, որ ՔԱԿ-ը ներկա չի լինի, նրան թույլ չեն տա փող հավաքել կամ անդամներ հավաքագրել»,- ասել է նա։

Քալինի խոսքով, հաջորդ ամիս թուրքական պատվիրակությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում կհանդիպի շվեդ եւ ֆինն գործընկերների հետ։

Կիսվել