Հավատարի՞մ է Ռուսաստանը Ուկրաինայում խաղաղության հաստատմանը. ամերիկյան վարչակազմը առաջիկա շաբաթ կստանա այս հարցի պատասխանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Պատերազմի ավարտի մասին մեր դիրքորոշումը ռուսաստանցիները գիտեն։ Նրանց պատասխաններից մենք շատ շուտով կիմանանք, թե արդյո՞ք նրանք լուրջ են ձգտում խաղաղության, թե՞ դա ձգձգման մարտավարություն է», - Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ռուբիոն:
Նա նաեւ շեշտել է, որ Ուկրաինան «ցույց է տվել լիակատար հրադադարի հասնելու ցանկություն, որպեսզի բանակցությունների համար պայմաններ ստեղծվեն»։
Ըստ Ռուբիոյի՝ եթե «նրանք հավատարիմ են խաղաղությանը, հիանալի է»։ Եթե ոչ՝ Վաշինգտոնն ստիպված կլինի վերագնահատել իր դիրքորոշումը եւ ապագայի իր գործողությունները։