ԱՄՆ-ն Ռուսաստանի «պատճառով» սպառնացել է Իրանին

Աննա Անտոնյան Օգոստոս 12, 2022

Վաշինգտոնը պնդում է, որ ՌԴ զինվորականները Իրանում անօդաչու սարքի հետ աշխատելու ուսուցում են անցել։
ԱՄՆ-ն զենքի առևտրի համար պատժամիջոցներ կսահմանի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դեմ։ Ըստ «Reuters»-ի` այս հայտարարությունն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք առաջվա պես անսահման մտահոգված ենք Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ և տարածմամբ։ Դրանք օգտագործվել են ամերիկյան ուժերի, տարածաշրջանային գործընկերների և միջազգային նավագնացային ընկերությունների վրա հարձակվելու համար»,-ասել է Պատելը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր տեղեկություններով` ՌԴ զինվորականները Իրանում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ուսուցում են անցել անօդաչուների հետ աշխատելու համար:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը դեռ հուլիսի կեսերին հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է մի քանի հարյուր ԱԹՍ տրամադրել Ռուսաստանին։ Ըստ Վաշինգտոնի` Մոսկվան Թեհրանից զինամթերք կրող ԱԹՍ-ներ է խնդրել, որպեսզի օգտագործի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում:
Դրան ի պատասխան Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին Թեհրան կատարած աշխատանքային այցի ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ անօդաչուների մատակարարման հարց չի քննարկել։ Ուշակովը շեշտել էր` երկու պետությունների ղեկավարները հայեցակարգային հարցերի են անդրադարձել։

Կիսվել