ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվեն մինչև տարեվերջ

Աննա Անտոնյան Փետրվար 02, 2025

Վաշինգտոնը ցանկանում է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի ունենան մինչև 2025 թվականի ավարտը, հատկապես, եթե Ռուսաստանի հետ հրադադար հաստատվի։ Այս մասին ասել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

«Ժողովրդավարական երկրներից շատերը ընտրություններ են անցկացնում պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ, որ դա կարևոր է», — ասել է Քելլոգը: «Կարծում եմ, որ դա լավ է ժողովրդավարության համար»:

Ե՛վ Քելլոգը, և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էին, որ ցանկանում են համաձայնության գալ՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ: 

Թրամփի ծրագիրը դեռ ձևակերպման փուլում է, և դեռ վերջնական որոշումներ չեն կայացվել, թե ինչպիսին է լինելու Սպիտակ տան քաղաքականությունը:

Թրամփի վարչակազմը դեռ պաշտոնապես չի դիմել իրենց մինչև տարեվերջ նախագահական ընտրություններ անցկացնելու խնդրանքով։

Կիսվել