ԱՄՆ Կոնգրեսի 60 ներկայացուցիչ նամակով դիմել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ պահանջելով կիրառել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը, որը նախատեսում է դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Նամակում նրանք վկայակոչում են Բաքվի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, քրիստոնյա բնակչության իրավունքների խախտումները և հայ գերիների նկատմամբ շարունակվող չարաշահումները։ Վկայակոչելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) 120,000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտումները՝ օրենսդիրները շեշտել են, որ «չկրելով իր գործողությունների նյութական հետևանքները կամ պատասխանատվությունը՝ Ադրբեջանը շարունակում է խաթարել ջանքերը Հայաստանի դեմ տարածաշրջանում արդար, երկարատև և արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար»: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով, որ հարկատուների գումարներով չի կարելի աջակցել «նավթով հարուստ, բռնի և կոռումպացված օտարերկրյա դիկտատուրային», որը շարունակում է օկուպացնել հայկական տարածքներ և խախտել մարդու իրավունքները։ Նամակում օրենսդիրները կոչ են անում հրաժարվել 907-րդ բանաձևի շրջանցման իրավական գործիքից, որն օգտագործվել է 2001-ից սկսած բոլոր վարչակազմերի կողմից՝ մինչև նախագահ Բայդենը, որը 2024-ին կիրառեց դրույթը։ Նրանք շեշտում են, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների բացակայությունը միայն խրախուսում է նրա ագրեսիվ քաղաքականությունը։ Ստորագրողները կոչ են արել քարտուղար Ռուբիոյին չվկայակոչել հրաժարման լիազորությունները, որոնք թույլ են տվել նախորդ վարչակազմերին շրջանցել 907-րդ բանաձևը այլ կիրառել օրենքը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր հանցագործությունների համար: Օրենսդիրները պնդում են, որ «Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ նրա շարունակական չարաշահումների, հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման և Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքի մերժման պայմաններում, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու շարունակական ձախողումը կուժեղացնի Ադրբեջանի գործողությունները»: Նախաձեռնությունը շարունակվում է ANCA-ի համազգային քարոզարշավի շրջանակում, որի միջոցով արդեն ուղարկվել են տասնյակ հազարավոր նամակներ Կոնգրես։ ANCA Rising Leaders ծրագրի երիտասարդներն այցելել են ավելի քան 400 կոնգրեսական գրասենյակ՝ կոչ անելով աջակցել այս նախաձեռնությանը։