ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Եմենում զոհերի թիվը հասել է 31-ի

Աննա Անտոնյան Մարտ 16, 2025

Եմենի մայրաքաղաք Սանայի վրա ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, ևս 101-ը՝ վիրավորվել, հայտնել է հութիների կողմից ղեկավարվող առողջապահության նախարարության խոսնակ Անիես ալ-Ասբահին։

Հութիների քաղաքական բյուրոն հարձակումները որակել է որպես «ռազմական հանցագործություն»:

«Եմենի զինված ուժերը լիովին պատրաստ են էսկալացիային արձագանքել էսկալացիայով», — ասվում է հայտարարության մեջ։

Սանայի բնակիչներն ասել են, որ հրթիռակոծվել է հութիների հենակետերից մեկում գտնվող շենքը:

«Պայթյունները շրջակայքը ցնցեցին երկրաշարժի պես՝ սարսափեցնելով մեր կանանց և երեխաներին», — ասել է բնակիչներից մեկը:

Հարձակումների թիրախ են դարձել նաև հութիների ռազմական օբյեկտները Եմենի հարավ-արևմտյան Թաիզ քաղաքում, հայտնել են այդ տարածքում գտնվող ականատեսները:

Հութիները, որոնք վերջին տասնամյակում վերահսկողություն են հաստատել Եմենի տարածքի մեծ մասի վրա, նրա ափերի մոտ 2023 թվականի նոյեմբերից բազմաթիվ հարձակումներ են իրականացրել նավերի վրա՝ խաթարելով համաշխարհային առևտուրը:

Հութիները 2023 թվականից ի վեր 174 անգամ հարձակվել են ամերիկյան ռազմանավերի և 145 անգամ առևտրային նավերի վրա: Հութիները հայտարարում են, որ հարձակումներն իրականացվում են ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության՝ կապված Գազայում պատերազմի հետ:

Մարտի 15-ին ԱՄՆ Զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսել են զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքին։ «Ոչ մի ահաբեկչական ուժ չի խանգարի ամերիկյան առևտրային և ռազմածովային նավերին ազատորեն նավարկել աշխարհի ջրային ուղիներով», - ասել է Թրամփը սոցիալական ցանցերում գրառման մեջ:

Կիսվել