Հայաստանի սահմանային կարողություններն ամրապնդելու Միացյալ Նահանգների աջակցությունը կնպաստի նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը, այսօր խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։
«Միշտ դա իրականացվել է երրորդ երկրի կողմից, վերջապես մենք դա պետք է անենք։ Իդեալական աշխարում ամեն երկիր ինքը պետք է հսկի իր սահմանները», - հայտարարել է Պարույր Հովհաննիսյանը:
Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հունվարի 14-ին Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն են ստորագրել։
ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ աշխատում են ՀՀ-ի հետ՝ ամրապնդելու ջանքերը ինքնիշխանության և սուվերեն տարածքի պաշտպանությանը՝ նշելով, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։