Ամեն ինչ վարձակալության անշարժ գույքի եկամտային հարկի մասին
Աննա Անտոնյան
Հունվար 30, 2024
Անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձինք, վարձակալի հետ պետական գրանցում չստացած վարձալական պայմանագրի կամ Հարկային մարմին վարձակալության վերաբերյալ հայտարարություն չներկայացնելու, եկամտային հարկի չվճարման և համապատասխան հաշվետվություն չներկայացնելու դեպքում կտուգանվեն։ Այս մասին օրենքի փոփոխությունները ուժի մեջ են մտել 2023 թ. դեկտեմբերի 1-ին, իսկ արդեն 2024 թ․ի փետրվարի 1֊ից կմեկնարկի վարչարարության կիրառումը։
Այս կապակցությամբ NEWS.am–ի հետ օգտակար մանրամասներով են կիսվել banali.am անշարժ գույքի հարթակի մասնագետները, ովքեր անշարժ գույքի վաճառքի/ վարձակալության պրոֆեսիոնալ ծառայություններից բացի, պատրաստ են նաև ձեր փոխարեն հոգալ եկամտային հարկի վճարման հետ կապված բոլոր գործընթացները։
Ի՞նչ քայլեր է պետք իրականացնել՝ տուգանվելու վտանգից խոսափելու համար
Banali.am-ի մասնագետները, նախ և առաջ, խորհուրդ են տալիս պրոցեսին նախապատրաստվել հենց պայմանագրի փուլից, ըստ այդմ, անհրաժեշտ է կնքել վարձակալական պայմանագիր՝ ուշադրություն դարձնելով հատկապես ստորև ներկայացրած կանոններին․
- Պայմանագրում անհրաժեշտ է փոխադարձ համաձայնությամբ վարձավճարն ամրագրել արժույթներից մեկով՝ դրամով, դոլարով կամ ռուբլով․ տանտիրոջ և վարձակալի միջև թյուրըմբռնումներից խուսափելու համար պայմանագրում կարևոր է հստակ ամրագրել փոխարժեքը և նշել, որ վարձակալության ժամկետի ընթացքում գնային փոփոխություններ նախատեսված չեն կամ եթե նախատեսված են, ապա դրանց պայմանները պետք է նախապես ամրագրել պայմանագրում։ Ինչպես նշում են banali.am-ի մասնագետները, կան դեպքեր, երբ տանտերերը դիմում են վարձակալին՝ եկամտային հարկի չափով բարձրացնելու ամսավարձը։ Ուստի այս կետը հատկապես օգտակար կլինի՝ թյուրըմբռնումից խուսափելու համար:
- Խիստ ցանկալի է, երկու կողմերի համար էլ, պայմանագրում ունենալ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կետ և ծանուցման ժամկետ, օրինակ՝ առնվազն երկու ամիս առաջ։
- Տանտիրոջ կողմից պայմանագիրը ժամկետից շուտ խզելու դեպքում ամրագրել, որ վերջինս վճարում է տուգանք՝ պայմանագրում սահմանելով տուգանքի չափը։ Տանտերը վաղաժամկետ խզման ռիսկից ապահովագրված է կանխավճարով, հակառակ դեպքում նույնպիսի կետ պետք է նախատեսվի վարձակալի կողմից վաղաժամկետ խզման համար։
Որո՞նք են հաջորդ քայլերը
Վարձակալական պայմանագիր կնքելուց հետո, իդեալական տարբերակում, այն պետք է ներկայացնել պետական գրանցման (գրանցել Կադաստրում՝ իսկ ոչ տիպային դեպքերում նաև նոտարական վավերացմամբ)։ Հարկային մարմնի կողմից տուգանքի ենթակա չլինելու տեսանկյունից սակայն, պայմանագրի պետական գրանցումը պարտադիր չէ, այս պարագայում սակայն անհրաժեշտ է հայտարարություն ներկայացնել Հարկային մարմին։ Իսկ պայմանագրի պետական գրանցման պարագայում էլ արդեն հայտարարություն տալու կարիք չկա։ Ցանկացած պարագայում սակայն եկամտային հարկ վճարել և համապատասխան հաշվետվություն ներկայացնելը պարտադիր է:
Այսպիսով, անհրաժեշտ քայլերը և հերթականությունը հետևյալն են․
- Հարկային մարմին ներկայացնել վարձակալության վերաբերյալ հայտարարություն (եթե պայմանագիրը չունի նոտարական վավերացում/ պետական գրանցում)
- Ստանալ ՀՎՀՀ
- Վճարել Եկամտային հարկ
- Ներկայացնել Եկամտային հարկի հաշվետվություն
Հայտարարության ներկայացում – ե՞րբ և ինչպե՞ս
Վարձակալության տրամադրումից հետո 5-օրյա ժամկետում անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել վարձակալության վերաբերյալ հայտարարություն առցանց եղանակով կամ այցելելով ցանկացած տարածքային գրասենյակ: Հայտարարության մեջ, ի թիվս այլ տվյալների, պարտադիր նշվում է նաև վարձակալության ժամկետը և վարձակալության վճարի չափը: Անորոշ ժամկետով վարձակալության դեպքում, վարձակալության դադարեցմանը հաջորդող 5-օրյա ժամկետում պետք է այդ մասին ևս հայտարարություն ներկայացվի հարկային մարմին։
Որքա՞ն է կազմում եկամտային հարկը
ՀՀ հարկային օրենսգրքով՝ վարձատու ֆիզիկական անձը պարտավորվում է վարձակալությունից ստացված եկամուտներից վճարել 10% եկամտային հարկ։ Հարկային տարվա ընթացքում վարձավճարներից ստացված եկամուտները 60 մլն դրամը գերազանցելու դեպքում վարձատուն պարտավորվում է գերազանցող մասի համար վճարել լրացուցիչ 10% եկամտային հարկ:
Ո՞րն է վերջնաժամկետը
- Եթե խոսքը վերաբերում է Հայտարարություն տալուն, ապա վերջնաժամկետը 2023 թ․ին վարձակալության հանձնված բնակարանների համար 2024 թ․ի փետրվարի 1-ն է, իսկ 2024 թ․ին կամ դրանից հետո հանձնելու դեպքում, վարձակալության հանձնելուց հետո 5 օրվա ընթացքում։
- Եթե խոսքը վերաբերում է եկամտային հարկի վճարման և հաշվետվության ներկայացման վերջնաժամկետին, ապա եկամտային հարկը կարելի է վճարել ցանկացած ժամանակ, սակայն վերջնաժամկետը մայիսի մեկն է՝ նախորդ տարվա ընթացքում գոյացած եկամտային հարկը վճարելու և հաշվետվություն ներկայացնելու համար:
Ինչպե՞ս վճարել եկամտային հարկը
Եկամտային հարկը վճարելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ (այո, ԱՁ գրանցելու կարիք չկա, պարզապես ստանում եք ՀՎՀՀ): Սա մեկանգամյա գործողություն է․ կարելի է դիմել և ստանալ առցանց եղանակով՝ այդ թվում և արտերկրից, կամ ցանկացած տարածքային գրասենյակ այցելելով, օր․՝ Հայտարարություն տալու համար այցելելիս:
Եկամտային հարկը պետք է հաշվարկել և վճարել մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ file-online.taxservice.am համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ։
Ո՞վ է վճարում եկամտային հարկը՝ վարձակալը, թե՞ վարձատուն։
Ինչպես նշում են banali.am-ի աշխատակիցները, պատահում է, երբ վարձատուն (տանտերը) պահանջում է վարձակալից, որպեսզի վերջինս զբաղվի այդ հարցերով, սակայն ողջ նկարագրված պրոցեսը վարձատուի (տանտիրոջ) պարտականությունն է:
Ինչպես հավաստում են banali.am-ի աշխատակիցները, այս գործընթացն իրականում բավականին դյուրին է, սակայն եթե այս կամ այն պատճառով վարձատուն (տանտերը) չի ցանկանում ինքնուրույն անցնել, այլ նախընտրում է, որպեսզի վստահելի մեկն իր փոխարեն ամբողջն իրականացնի, ապա banali.am-ի աշխատակիցները մատուցում են համապատասխան ծառայություններ ևս և սիրով պատրաստ են օգտակար լինել։
www.banali.am-ը անշարժ գույքի նորարարական և հարմարավետ հարթակ է: Ընկերության ակունքներում կանգնած են Հայաստանի քաղաքաշինության և ներդրումային ոլորտի առաջատարներից, ինչի շնորհիվ ընկերությունը վստահության, կայունության, պրոֆեսիոնալիզմի մեծ պաշար ունի: Այստեղ Ձեզ կօգնեն արագ վաճառել, վարձով տալ, գնել, վարձակալել ցանկացած անշարժ գույք (գրասենյակային, կոմերցիոն, բնակարան, առանձնատուն և այլն)՝ տնտեսելով ձեր ժամանակը և նյարդերը: Ընդ որում, անշարժ գույքի առուվաճառքի դեպքում գործում է ընդամենը 1% միջնորդավճար։ Կայքում առկա են հազարավոր հայտարարություններ՝ թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի, թե՛ մատչելի, թե՛ լյուքս տարբերակներ, թե՛ նորակառույց, թե՛ ոչ նորակառույց շենքերում, թե՛ երկրորդային շուկայից, թե՛ անմիջապես կառուցապատողից:
Banali.am-ը սիրված է նաև արտերկրից վարձակալների/ գնորդների շրջանում։ Banali.am-ը առաջինն է անշարժ գույքի շուկայում, ուր Ձեր բնակարանի հայտարարությունը տեղադրելիս կարող եք պատվիրել «VR room tour», որը բնակարանը ներկայացնելու ամբողջովին նոր մշակույթ է:
Կիսվել