Ամարյան եղբայրների Balchug Capital ներդրումային ֆոնդը դարձել է Մոսկվայի «Մետրոպոլիս» առեւտրի կենտրոնի սեփականատերը

Աննա Անտոնյան Ապրիլ 06, 2023

Մոսկվայի ամենամեծ առեւտրի կենտրոններից մեկի՝ «Մետրոպոլիսի նոր սեփականատեր է դարձել Balchug Capital ներդրումային ֆոնդը։ Մինչ այդ ընկերությունը ֆիննական EKE եւ Vicus ընկերություններից գնել էր Pulkovo Sky բիզնես-կենտրոնը Սանկտ Պետերբուրգում։ Մինչեւ 2016թ. Balchug Capital-ը, որը հիմնել են Դավիթ եւ Վարդան Ամարյանները, հայտնի էր որպես Copperstone Capital, որն անվանումը փոխել է արժեթղթերի ինսայդերական առեւտրի հետ կապված սկանդալի պատճառով՝ SEC-ի կարգավորման պահանջներից հետո։

Balchug Capital ներդրումային ֆոնդը դարձել է «Մետրոպոլիս» առեւտրի-զվարճանքի կենտրոնի (205 000 քառակուսի մետր) նոր սեփականատերը, այն գտնվում է Մոսկվայի Լենինգրադյան խճուղում։ Այս մասին տեղեկացրել է «Ведомости»-ն՝ հղում կատարելով ներդրումային ֆոնդի եւ IBC Real Estate քոնսալթինգային ընկերության (խորհրդատվություն է կատարել գործարքի համար) ներկայացուցչին։ Գործարքն արժանացել է օտարերկրյա ներդրումների կառավարական հանձնաժողովի հավանությանը։

Գործարքի գումարը Balchug Capital-ի ներկայացուցիչը հրաժարվել է նշել՝ տեղեկացնելով միայն, որ գինը «հրապուրիչ» էր։ Ricci | Blackstone-ի գործընկեր Ալեքսեյ Սիգալը «Մետրոպոլիսի» շուկայական արժեքը գնահատել է 60-63 մլրդ դոլարի սահմաններում, «Технологии доверия» (նախկին PwC) ընկերության անշարժ գույքի ոլորտում գործարքների ուղեկցման գծով տնօրեն Սայանա Ցիրենովան՝ 60-65 մլրդ ռուբլու սահմաններում։ Կապիտալի Nikoliers շուկաների դեպարտամենտի տնօրեն Դենիս Պլատովն ասել է, որ «Մետրոպոլիսի» վաճառքը վերջին մի քանի տարիների ամենախոշոր գործարքն է Ռուսաստանի առեւտրային անշարժ գույքի ներդրումային շուկայում։

Balchug Capital ֆոնդը (նախկին անվանումը՝ Copperstone Capital) տնօրինում է ավելի քան 250 մլն դոլարի ակտիվների։ Այն ստեղծվել է 2009թ. Վարդան եւ Դավիթ Ամարյան-եղբայրների կողմից։ Դավիթ Ամարյանը մինչ այդ հինգ տարի աշխատել է «Տրոյկա-Դիալոգ» ներդրումային ընկերությունում, որը հիմնել է Ռուբեն Վարդանյանը։ 2013թ. հեջ-ֆոնդը, ինչպես գրել է Forbes-ը, եկամտաբերությամբ երկրորդն էր Ռուսաստանում։ Մինչեւ 2012թ. ընկերությունը կոչվում էր BCD Partners (behind closed doors — փակ դռների հետեւում)։ Այնուհետեւ եղբայրներն ընտրել են իրենց մանկության անվանումը. հայկական գյուղը, որտեղ նրանք անցկացրել են ամառները, գտնվում է Պղնձաքար կոչվող լեռան կողքին, որն էլ անգլերեն թարգմանվում է Сopperstone։

2016թ. մարտին ֆոնդը կորցրել է միջոցների 60 տոկոսը եւ 10 մլն դոլարի տուգանք վճարել ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին (SEC), որը մեղադրել է ֆոնդին ու եւս մի շարք ընկերությունների արժեթղթերի ինսայդերական առեւտրի մեջ։ SEC-ի հետ պահանջների կարգավորման մասին հաշտության համաձայնագրի կնքումից հետո ընկերությունը վերանվանվել է Balchug Capital։ Մինչ այդ Balchug Capital-ը Ռուսաստանում ֆիննական EKE եւ Vicus ընկերություններից գնել էր Pulkovo Sky բիզնես-կենտրոնը (76 000 քառակուսի մետր), որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի կողքին։ Ընկերությունը կշարունակի ներդրումներ կատարել Ռուսաստանի բարձրորակ անշարժ գույքի ոլորտում, որի պահանջարկը միշտ բարձր մակարդակի կլինի, թերթին ասել է Դավիթ Ամարյանը։

Կիսվել