Ալիևն ու Փաշինյանը հիմքեր են ապահովում՝ առանց դիմադրության Զանգեզուրն Ադրբեջանին հանձնելու համար. Աննա Կարապետյան
Աննա Անտոնյան
Ապրիլ 23, 2021
Փաշինյանը ներսից, իսկ Ալիևը դրսից հիմքեր են ապահովում, որպեսզի հնարավոր լինի առանց դիմադրության Զանգեզուրով միջանցք տրամադրել, այսինքն՝ Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանին: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Ադրբեջանն այսօր ահաբեկման քաղաքականություն է իրականացնում հայ հասարակության նկատմամբ՝ կանխելու համար բնակչության հնարավոր դիմադրությունը Զանգեզուրի միջանցքի հարցում: Զուգահեռ, Բաքուն ազդակներ է հղում միջազգային հանրությանը»,- ասել է նա:
Փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանը ստուգում է, թե ինչպես է միջազգային հանրությունն ընկալում իր հայտարարությունները, ինչպես է արձագանքում ուժի սպառնալիքին: Կարևորագույն հարց է, թե ինչ ենք մենք անում, որ միջազգային հանրությունը չլռի:
«Ունենք խնդրի տրանսֆորմացիա՝ այժմ Ադրբեջանն սպառնում է ՀՀ սուվերեն տարածքին: Մենք պետք է մի շարք զսպող հայտարարություններ ունենայինք միջազգային կառույցներից, բայց չենք տեսնում, ինչն էլ ընկալվում է Ադրբեջանի կողմից որպես ազդակ, որ կարող է հերթական անգամ մարսվել նաև ուժի կիրառումը»,- ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ այս ամենն ունի նաև ներքաղաքական կոնտեքստ: «Ադրբեջանը հող է նախապատրաստում, որպեսզի Փաշինյանն առանց որևէ դիմադրության հանձնի Զանգեզուրը Ալիևին՝ վախեցնելով ժողովրդին պատերազմով: Դրան նպաստում է նաև այն, որ Փաշինյանն այսօր կոտրում է Սյունիքի դիմադրության ուժը, Սյունիքի մեջքը»,- ընդգծել է նա:
Փորձագետի դիտարկմամբ, զուգահեռ, դա նաև Փաշինյանի ներքաղաքական դիրքերի ամրապնդմանն է ծառայում:
Կիսվել