Ալիեւն այցելել է Վրաստան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 24, 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։

Իլհամ Ալիեւի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում, Ադրբեջանի նախագահին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, տեղեկացրել է «Новости Грузия»-ն։

Ադրբեջանի նախագահը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններ կվարեն Մուխրանի-Բագրատիոնիների «Շատո Մուխրանի» կալվածքում, Թբիլիսիից ոչ հեռու։

«Վրաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կքննարկեն երկկողմ հարաբերությունների բոլոր կարեւոր հարցերը»,- լրագրողներին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։

Դարչիաշվիլու խոսքով՝ Իլհամ Ալիեւի այցի ընթացքում կողմերը կքննարկեն, թե ինչպես երկու պետությունները պետք է ապահովեն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։

«Ինչպես հայտնի է, Վրաստանին եւ Ադրբեջանին կապում են սերտ ռազմավարական գործընկերությունը, բարիդրացիական հարաբերությունները։ Աշխատանքային այցի շրջանակում Վրաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը հնարավորություն կունենան, մի կողմից, քննարկելու երկկողմ հարաբերությունների բոլոր կարեւոր հարցերը։ Մեր երկկողմ հարաբերություններում գոյություն ունի հարցերի լայն շրջանակ, եւ այսօրվա աշխատանքային այցը թույլ կտա քննարկել այդ հարցերը։ Մյուս կողմից՝ տարածաշրջանային մարտահրավերների ֆոնին քննարկման երկրորդ կարեւոր թեման այն է, թե ինչպես երկու պետությունները պետք է ապահովեն խաղաղությունը եւ կայունությունը մեր տարածաշրջանում, եւ բոլոր այն հարցերը, որոնք գոյություն ունեն բազմակողմ ձեւաչափերում եւ տարածաշրջանային մարտահրավերների ֆոնին»,- ասել է Իլյա Դարչիաշվիլին։

Կիսվել