Ալիևի հրահանգով՝ ՀՀ մոտ 300 քաղաքացիների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, բայց Գլխավոր դատախազության կողմից Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ որևէ քայլ չենք տեսնում. Թ. Թովմասյան

Աննա Անտոնյան Ապրիլ 13, 2021

Այսօր շատ խոսվեց Ադրբեջանում բացված տխրահռչակ պուրակի մասին, և մենք իրավական քայլեր անելու անհրաժեշտություն ունենք: Մենք պետք է իրավական հակակշիռ ստեղծենք և Ալիևին պատասխանենք իր ոճով. Ազգային ժողովում նշեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Մինչև հիմա Ալիևի հրահանգով Հայաստանի մոտ 300 քաղաքացիների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, ի՞նչ է արել Հայաստանի դատախազությունը: Մենք չգիտենք՝ ովքե՞ր են այդ 300 հոգին և մարդիկ կարող են անակնկալ հայտնվել ծուղակում։ Մենք գլխավոր դատախազության կողմից Ադրբեջանի զինված ուժերի, գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով որևէ քայլ չենք տեսնում։ Ի վերջո դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություն»,- ընդգծեց նա:

Թովմասյանի խոսքով՝ Ադրբեջանն իրականացրել է այնպիսի վայրագ գործողություններ, որոնք մերժելի են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով և կոնվենցիաներով։

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում զանգվածային ոչնչացման անթույլատրելի զենքեր են կիրառվել, բայց որևէ հիմքով մենք չունենք Ադրբեջանի ռազմաքաղաքական գործիչների հետախուզում, ունենք ընդամենը մեկ հոգու հետախուզում:

«Հատկապես այդ պուրակի դեպքից հետո մեր ձեքերն ազատ են հետախուզելու և դժվարություններ ստեղծելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան իրենց ազատ տեղաշարժի իրավունքից օգտվել և հասկանան, որ իրենց քայլերն իրենց կյանքի համար ունենում են բացասական հետևանքներ: Փոխարենը մենք անընդհատ մենք խոսում ենք առևտուր, հարևանություն անելու մասին,սակայն ստանում ենք պատասխան, որ քարերով հարվածում են մեր մեքենաներին, ռուս խաղապահներին շրջանցելով՝ գալիս են, անարգում ու պղծում են մեր հուշարձանները և ստացվում է, որ մենք միայն պաշտպանվողի դերում ենք: Ես չեմ հասկանում՝ մենք ինչո՞ւ ենք այսքան խեղճացել: Պատերազմում պարտվել ենք, որևէ այլ դաշտում չենք պարտվել և չպիտի պարտվենք, պետք է շարունակենք մեր գործողություններն՝ իրավական հակակշիռներ ստեղծելով և դժվարություններ առաջացնելով թշնամական երկրի համար»,- ասաց նա:

https://www.tert.am/am/news/2021/04/13/Tovmasyan/3582081?fbclid=IwAR13hoWoD38l3XkvQuyZAYT4LoPyoanJNpRM8ZFvtcr2B8QFWLGtJIgAZlA

Կիսվել