Ալեն Սիմոնյանը Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը

Աննա Անտոնյան Փետրվար 19, 2025

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին եղել է Իտալիայի Պատգամավորների պալատում՝ հանդիպելով Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։

Բարձր գնահատելով երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ թիրախային աշխատանքի արդյունքում հայ-իտալական հարաբերությունները կհասնեն զարգացման նոր մակարդակի:

Իտալացի պատգամավորներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին երկու երկրների խորհրդարանների աշխատանքները սերտացնելու հարցում ներդրած ջանքերի համար եւ ընդգծել, որ շարունակելու են աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:

Քննարկումների առանցքում են եղել նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կիսվել