ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար, պատգամավոր Թոբիաս Լինդների հետ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 18, 2023

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հյուրընկալվել է ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունում, որտեղ աշխատանքային հանդիպում է կայացել ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար, Բունդեսթագի պատգամավոր Թոբիաս Լինդների հետ։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Հանդիպման ժամանակ զրուցակիցները կարևորեցին հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված քայլերը: Ընդգծվեց Գերմանիայում Հայաստանի նկատմամբ ուշադրության աննախադեպ բարձր մակարդակը։ Ընդգծվեց ինչպես Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանման անհրաժեշտությունը, այնպես էլ տարածաշրջանի խնդիրների խաղաղ հանգուցալուծման հրատապությունը: Հայկական կողմը հստակ ներկայացրեց ՀՀ հանձնառությունը՝ հավատարիմ մնալ ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության համամարդկային արժեքներին: Կարևորվեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության՝ որպես անվտանգության և խաղաղության բաղադրատարրի ներկայությունը տարածաշրջանում։ Անդրադարձ կատարվեց հայ-գերմանական հարաբերությունների իրավապայմանագրային հենքի թարմացման անհրաժեշտությանը»,- ասվում է գրառման մեջ:

Կիսվել