Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության ճանապարհին հաղթահարել են անհարթությունները, հասել վերջին կետին. Էրդողան

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Էրդողանը, ի պատասխան այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի մասին հարցին, ասել է. «Հավատում եմ, որ Հարավային Կովկասը հասնելու է խաղաղության»՝ հավելելով, թե Սպիտակ տանը դրված ստորագրությունները, անշուշտ, արագություն են հաղորդել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։

«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության ճանապարհին զգալիորեն հաղթահարել են անհարթությունները և հասել են վերջին կետին։ Մենք մանրամասն քննարկում ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումներում էլ տեսա, որ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը նույն կետում են, նայում են նույն ուղղությամբ»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ խաղաղության հաստատմամբ տարածաշրջանում ցամաքային և երկաթգծային ուղիները ակտիվանալու են, սահմանային անցակետերը բացվելու են, իսկ առևտրի գլխավորությամբ բազմաթիվ ոլորտներում դրական տեղաշարժ է գրանցվելու:

Կիսվել