Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթի վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում։
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին։
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են Եվրանեսթի ԽՎ գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«Այս հայտարարությունները նաև չեն աջակցում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի: Միլլի Մեջլիսը բազմիցս բողոքել է դրա դեմ: Այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև խաղաղության հանդիպումից հետո Եվրախորհրդարանի ոչ կառուցողական հայտարարությունը, որը դրականորեն ընդունվեց ամբողջ աշխարհում, կրկին խաթարեց ադրբեջանական պատվիրակության վստահությունը Եվրանեսթի ԽՎ-ի շրջանակներում այս կազմակերպության հետ համագործակցության օգուտների նկատմամբ:
Այս պատճառներով մենք չենք մասնակցի Երևանում կայանալիք լիագումար նիստին:
Մենք նաև մեր առարկությունները փոխանցել ենք կազմակերպության ղեկավարությանը: Ցանկանում եմ նշել, որ այս որոշումը կապված չէ այն փաստի հետ, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում: Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ ապահովված է, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: