Ադրբեջանը փորձում է վնաս հասցնել Հայաստանի տնտեսության ռազմավարական առումով կարեւոր ճյուղերին. փորձագետ
Աննա Անտոնյան
Հունվար 29, 2024
Ադրբեջանը փորձում է վնաս հասցնել Հայաստանի տնտեսության ռազմավարական առումով կարեւոր ճյուղերին։ Այս մասին հունվարի 29-ի քննարկման ժամանակ ասել է Լեռնագործների եւ մետալուրգների միության ղեկավար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը վերջին տարիներին ակտիվացրել է քայլերը կարեւոր ոլորտների, մասնավորապես՝ լեռնարդյունահանման ոլորտի դեմ։
Նրա խոսքով՝ նրանք թիրախավորել են լեռնարդյունահանման ոլորտը, էներգետիկան եւ այլ կարեւոր ուղղություններ, որոնք կարեւոր, երկարաժամկետ նշանակություն ունեն զարգացման տեսակետից։
Ջանյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումն սկսվել է Լեռնային Ղարաբաղի Կաշենի լեռնահանքի պահանջով։ «Այդ հարցի լուծումից հետո նրանք անցան այն ընկերություններին, որոնք գտնվում են Հայաստանում, առաջին հերթին՝ լեռնարդյունահանող ընկերություններին, Հայկական ԱԷԿ-ին եւ այլն։ Ադրբեջանի ակտիվությունը, որն սկսվել է վերջին տարիներին, կապված է Հայաստանի տնտեսության աճի ավելի բարձր տեմպերի հետ՝ Ադրբեջանի ցուցանիշների համեմատ։ Անգամ բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն արդեն գերազանցում է Ադրբեջանը։ Եվ նրանց այդ երկյուղները կապված են նաեւ այն բանի հետ, որ նկատվող գործընթացներն արդյունքում կարող են հանգեցնել ռազմական ոլորտի հավասարակշռության խախտման»,- ընդգծել է փորձագետը։
Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները, հասարակությունը, բիզնեսը պետք է ձգտեն նվազեցնել այդ ռիսկերը։
«Տարօրինակ է, որ ոչ հայկական, ոչ ադրբեջանական ՀԿ-ները չեն բարձրացնում բնապահպանության վրա Ադրբեջանի կողմից նավթարդյունահանման հասցրած վնասի հարցը»,- ամփոփել է նա։
Կիսվել