Ադրբեջանը հրաժարվել է ազատ արձակել մոտ 200 հայ ռազմագերու

Աննա Անտոնյան Ապրիլ 21, 2021

Այսօր Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նիստի գարնանային լիագումար նիստի շրջանակներում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռամզագերիների հարցը, որին ավելի քան մեկ ժամ է հատկացվել:

Ռազմագերիների պահումը չի նպաստում կողմերի միջև վստահության հաստատմանը: Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է ֆինլանդացի պատգամավոր Կիմմո Կիլյունենը:

«Ցանկանում եմ երկու կարևոր պահ առանձնացնել. բոլոր պահվող անձանց փոխանակումը հումանիտար իրավունքի, մարդասիրության հարց է: Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն: Այդ մասին փաստում է նաև եռակողմ հայտարարությունը: Այդ հարցը պետք է լիարժեք լուծվի, որպեսզի կարողանան անցնել վստահության հաստատմանը: Եվս մեկ կարևոր հարց. դա մշակութային ժառանգությանն է առնչվում: Այդ տարածաշրջանը շատ հարուստ է մշակութային ժառանգությամբ: Հուսով եմ, որ երկու կողմերը կկարողանան այնպես վարել վերակառուցման գործընթացը, որպեսզի պաշտպանեն մշակութային ժառանգութունը», - ասել է պատգամավորը:

Ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն իր ելույթում ևս կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել հայ ռազմագերիներին: «ՄԻԵԴ-ը հակամարտության ընթացքում և դրանից հետո կողմերին կոչ է արել կատարել Գերիների մասին կոնվենցիայի դրույթները»,- ասել է նա:

ԵԽԽՎ պորտուգալացի պատգամավոր Պոլ Սոչպիսկոն, իր հերթին, արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարում անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Պատգամավորը շեշտել է, որ պետք է պնդել հայ ռազմագերիների և ձերբակալվածների վերադարձը:

«Մեր խնդիրն այն չէ, որ փորձենք կարգավորել տարաձայնությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, չպետք է մոռանանք, որ դրանով զբաղվում են այլ կազմակերպություններ և ԵԱՀԿ-ն: Սակայն մենք պետք է ուշադրություն դարձնենք ռազմագերիների, տեղահանված անձանց և այլ գերիների հարցին, քանի որ մենք Եվրոպայի խորհրդի ներսում զբաղվում ենք մարդու իրավունքների արժեքների պահպանման հարցերով»,- ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քննարկմանն ասել է ֆրանսիացի պատվիրակ Ալան Միոնը։

«Մենք չպետք է սահմանափակվենք հռչակագրերով: 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն է կնքվել, որով սահմանվում է, որ բոլոր գերիներն ու պահվող անձինք պետք է ազատ արձակվեն: Հայաստանը հարգել է այդ պայմանավորվածությունը, սակայն Ադրբեջանը հրաժարվել է ազատ արձակել մոտ 200 հայ ռազմագերու: Ադրբեջանական կողմը հրաժարվել է թափանցիկություն դրսևորել, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, մասնավորապես Ժնևյան կոնվենցիայի, որում ասվում է, որ ռազմագերիները պետք է տուն վերադարձվեն ռազմական հակամարտության ավարտին»,- շեշտել է ֆրանսիացի եվրապատգամավոր Ալեքսանդրա Լուիսը:

Ելույթներով են հանդես եկել նաև ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի պատվիրակները։

Քննարկման ավարտին հայտարարվել է, որ  ԵԽԽՎ-ն որևէ որոշում չի կայացնելու այս հարցի շուրջ, սակայն առաջարկվել է քննարկումները շարունակել վաղը:

Կիսվել