ԱԱԾ–ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել անհարկի խուճապ չառաջացնելու համար

Աննա Անտոնյան Օգոստոս 15, 2022

ԱԱԾ–ն վստահեցնում է, որ վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց։
«Հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից»,– ասված է հայտարարությունում:
ԱԱԾ–ն վստահեցնում է, որ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Զոհերի թիվն այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում: Երեկ ԱԻՆ-ը նաև ահազանգեր է ստացել, որ պայթուցիկներ են տեղադրված Երևանի մետրոյի բոլոր կայարաններում, ԱԺ-ի շենքում, կենդանաբանական այգում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Երևանի բոլոր առևտրի կենտրոններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ահազանգերը կեղծ են։
Սոցցանցերի հայկական տիրույթում որոշ օգտատերեր այս երկու դեպքերը որպես ահաբեկչություն են որակում։

Կիսվել