2025-ին մեկնարկել է ևս 64.8 հա ջերմատան կառուցումը. «Ջերմատների ծրագրի մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ բարձր է»

Աննա Անտոնյան Հունվար 15, 2026

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում  փոփոխություններ կատարեց ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։ Ներկայացնելով հարցը՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց. «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել են նախորդիվ 20 պայմանագիր՝ 88.3 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով: Դրանից արդեն իսկ կառուցված է 23.5 հա ջերմատուն, որից միայն 2025 թվականին՝ 18.4 հա: Միայն 2025 թվականին նաև մեկնարկել է ևս 64.8 հա ջերմատան կառուցումը, և, մեր գնահատականներով, սրանց մեծ մասը, եթե ոչ ամբողջը, այս տարվա ընթացքում կշահագործվեն: Ծրագրի շրջանակում տրամադրում ենք մինչև 15 մլրդ դրամի վարկեր՝ 1 հա և ավելի մակերեսով առաջադիմական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ կառուցելու համար: Վարկը տրամադրվում է մինչև 8 տարի ժամկետով. մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետը մինչև 12 ամիս է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերակատարվել են ծրագրով նշված արդյունքային ցուցանիշները, մասնավորապես, 35 հա ամբողջ ծրագրի շրջանակի համար, 2025 թվականի հոկտեմբերին ծրագրում կատարել ենք որոշակի փոփոխություններ, և նոր ծրագրով առաջարկում ենք հետևյալ վարկային տոկոսադրույքները. մինչև 3 մլրդ դրամի վարկը սուբսիդավորվում է 8 տոկոսային կետով՝ ստանդարտ պայմանագրերի դեպքում, 3 միլիարդից ավելի մինչև 9 մլրդ վարկի դեպքում՝ 7 տոկոսային կետով, այսինքն՝ օրինակ, վերցրեց 9 մլրդ՝ առաջին 3 միլիարդը սուբսիդավորվում է 8 տոկոսային կետով, մնացած 6 միլիարդը՝ 7 տոկոսային կետով: 9 մլրդ դրամից ավելի հատվածը՝ մինչև 15 մլրդ դրամ՝ 6 տոկոսային կետով: Նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրի շրջանակում երիտասարդ տնտեսվարողներին և 63 տարեկանը լրացած անձանց ներգրավվածությունը խրախուսելուն: Այս պարագայում մենք առաջարկում ենք տոկոսային կետերը մեկական տոկոսային կետով ավելացնել: Օրինակ՝ եթե մարդը 64, 65 տարեկան է և ուզում է ջերմատնային տնտեսություն ունենալ, 9 տոկոսային կետով ենք իր վարկը սուբսիդավորում, նաև, եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակներում մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ տոկոսադրույքների նվազման միտում, հաճախ բավականին մեծ: Սա ասում է, որ Կառավարությունը տոկոսադրույքների շատ մեծ մասը փոխհատուցում է: Նույնը 3 մլրդ-ից մինչև 9 մլրդ դրամ 8 տոկոսային կետն ենք փոխհատուցելու, 9 միլիարդից ավելի հատվածի համար՝ մինչև 15 մլրդ-ը, 7 տոկոսային կետը: Կառավարության ծրագրում նախանշված բոլոր ցուցանիշները գերակատարված են, բայց շարունակելու ենք ծրագիրը, որ ավելի լավ արդյունքներ ստանանք»։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ արտահանման մեծ աճ է արձանագրվել: «Այս իմաստով ես կարծում եմ՝ այս ծրագիրը բոլոր մեր ֆունդամենտալ նպատակները սպասարկում է՝ արտահանում, կրթություն, որովհետև, այնուամենայնիվ, այս տնտեսությունը կառավարելը ենթադրում է հատուկ և բարձր որակի կրթություն, էներգախնայողություն, նոր տեխնոլոգիաներ: Ես կարծում եմ՝ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի խթանենք: Այս ծրագրի մուլտիպլիկատիվ էֆեկտը ես գնահատում եմ շատ բարձր»։ Նաև աշխատատեղեր ստեղծող է: Միջինում 12 անձ է աշխատում մեկ հեկտար ջերմատանը, և, ըստ էության, ամեն հեկտարը, որ ստեղծում ենք, այդքան աշխատատեղ է ապահովում: Մենք ականջալուր ենք այն հանձնարարականին, որ անընդհատ պետք է պարզեցնենք»,–ասաց նա։

Կիսվել