Պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, այլ՝ մոտեցումները

Աննա Անտոնյան Հունվար 18, 2022

«Պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, այլ՝ մոտեցումները՝ սերունդներին կանխատեսելի, կայուն, առողջ աշխարհ թողնելու համար»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ ունենալով «Աբու Դաբի կայունության շաբաթ»  ֆորումի շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» համաժողովում:


Նախագահ Սարգսյանն իր ելույթում խոսել է ժամանակակից աշխարհում կատարվող  սրընթաց փոփոխությունների, ներկայիս մարտահրավերների, տեխնոլոգիական զարգացումներն ի շահ շրջակա միջավայրի պահպանության օգտագործելու կարևորության մասին:․ 


«Մեր կյանքը 30, 40, 50 տարի առաջ, կարելի է ասել, սև էր՝ ածուխի, հետագայում նաև՝ նավթի այրման հետևանքով: Այսօր այն մի փոքր ավելի մոխրագույն է դարձել, քանի որ սկսել ենք օգտագործել արևի, քամու էներգիան, ավելի շատ գազ ենք այրում, քան նավթ: Սակայն մեր նպատակն է դառնալ կանաչ: Սևից դեպի կանաչ անցում կատարելու համար մեզ ժամանակ և մեծ ջանքեր են հարկավոր: 


Եթե Հայաստանը փոքր երկիր է և կլիմայի հետ կապված մեծ խնդիրներ չունի, կա նաև մեծ երկիր, որն ածուխ է այրում, և այդ երկրին ժամանակ է հարկավոր՝ այն  արևի էներգիայի փոխակերպելու համար: Ես այդ երկրին ասում եմ՝ քեզ 100 միլիոն դոլար պարտք ունեմ,  կարող եմ առաջարկել, որ այդ գումարը քեզ վերադարձնելու փոխարեն ծառեր տնկեմ, կամ կանաչ գործունեություն ծավալեմ և այդ կերպ վճարեմ իմ պարտքը: 


Խնդիրն առաջացել է արդյունաբերական և տեխնոլոգիական մեծ զարգացման հետևանքով, և լուծումն էլ պետք է գտնվի դրանց կիրառման և բաց քաղաքականություն վարելու միջոցով: Առաջին հերթին պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, գործիքները, այլ՝ մոտեցումները, թե ինչպես ենք վերաբերվում աշխարհին, մեր բիզնեսին, որ մեր երեխաների համար մենք ցանկանում ենք կանխատեսելի, կայուն, առողջ աշխարհ թողնել:


Եկեք շատ պրագմատիկ լինենք՝ այս աշխարհը կայուն դարձնելու համար»:


Կիսվել