Զինծառայող կանայք ամսական որոշակի գումար են ստանալու. Պապիկյան

Աննա Անտոնյան Մայիս 30, 2023

Կանանց գումարտակի վարչակազմը լինելու են բացառապես կին պայմանագրային զինծառայողները։
Կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայություն անցնող կանայք ամսական որոշակի գումար են ստանալու։ Այսօր Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այս պահին նախատեսված է զինծառայողին հասանելիք վճարը, բայց քննարկում ենք նաև այդ վճարի չափը փոփոխել` հաշվի առնելով իգական սեռի համար առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերումը, որը կլինի որոշակի զամբյուղի սահմանում»,– նշեց նախարարը։
Պապիկյանի խոսքով` 6-ամսյա ծառայությունից հետո կապը զինծառայության հետ, այսպես ասած, չի ավարտվում։ Այդ ծառայությունը հիմք է դառնում, որ նրանք համարվեն լիիրավ և լիարժեք պահեստազոր, ինչպես զինապարտ տղամարդիկ։
«Իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնք կանցնեն 6-ամսյա պատրաստություն, կլինեն մեր պահեստազորում, ամրագրում կստանան և անհրաժեշտության դեպքում կզորակոչվեն»,– ասաց նախարարը։
Պապիկյանը հիշեցրեց, որ զորակոչված իգական սեռի զինծառայողներն առանց վիճակահանության նշանակվելու են զինվորական զորամաս և ամբողջ ծառայությունն անցկացնելու են այդ զորամասում։ Նա տեղեկացրեց, որ այդ նպատակով ընթանում է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը, որի վարչակազմը լինելու են պայմանագրային զինծառայության մեջ գտնվող կանայք։
«Աշխատանքներն արդեն սկսվել են, վաղուց նախորոշված է այն զորամասի տարածքը, որի վրա հիմա կցված է կանանց վաշտը, որը հիմքն է դառնում կանանց գումարտակի, հետագայում` կանանց գնդի համար։ Հենց այդ գումարտակի զինծառայողներն էլ հանդիսանալու են վարչակազմը»,– նշեց նախարարը։
«Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում նախատեսվող լրացումներով և փոփոխություններով` կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։ 6 ամիս անց զորացրվելիս կանայք կստանան 1 մլն դրամ պատվո վճար։ Իսկ առողջության պատճառով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու դեպքում 1 մլն դրամը կբաժանվի 6 ամիսների վրա, և պատվո վճարը կհաշվարկվի ծառայության ամիսների հանրագումարի չափով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` ի՞նչ կլինի, եթե 6-ամսյա ծառայության անցած կին զինծառայողը գնա կարճաժամկետ արձակուրդ, արձակուրդից վերադառնա հղի, այս դեպքում պարզ է, որ առողջական պատճառով նա վաղաժամկետ զորացրվելու է։ Չկա՞ արդյոք ռիսկ, որ նման դեպքերը կարող են շատ լինել։
«Եթե լինեն նման ուրախալի դեպքեր, միայն կողջունենք»,– ասաց Պապիկյանը։
Պապիկյանի խոսքով` ինքն այն մարդը չէ, որ պետք է խոսի գենդերային հավասարության մասին, բայց Հայաստանում իգական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պետք է տղամարդկանց հավասար իրավունքներ ունենա, այդ թվում` հայրենիքը պաշտպանելիս։

Կիսվել