Չի կարող կենդանի էակը զավակ կորցնելով չվերափոխվել

Աննա Անտոնյան Հուլիս 03, 2021

Չի ստացվի։

Պետք է ընդունենք պարտությունը։

Պարտությունից առավել պետք է գիտակցենք մեր կորուստը, մեր տղերքին։ 


Էնքան ենք տարբեր տեսակի "գուրուների" մտքեր կարդացել, թե բա՝ դու այն ես, ինչ մտածում ես, քո գիտակցությունն է ստեղծում տիեզերքը և այլն, որ հիմա ժողովուրդը ամեն կերպ փորձում է վանել իրենից այն փաստը, որ մեր ազգը աղետալի կորուստ է ունեցել և չի ուզում ընդունել ցավը։


Համատարած թեթևություն ու ուրախություն է տիրում գրեթե բոլոր դաշտերում։ Մեկ մտածում եմ կարո՞ղ է ազգը իրականում խելագարվել է կորստից ու որդեկորույս մոր պես պարզապես գժվել ու անդադար հռհռում է, բայց ակնհայտ է, որ ոչ։ 

Ամենևին չեմ պնդում, որ պետք է մեր ամեն ինչը պարուրված լինի սգով, բայց մենք պետք է որակական փոփոխություն ապրենք: Չի կարող կենդանի էակը զավակ կորցնելով չվերափոխվել։ Մշակութային, վարքագծային փոփոխություն պետք է ունենանք։  

Հակառակ դեպքում մենք երես կդարձնենք զոհված տղերքից՝ իրենց  չնույնականացնելով մեզ հետ։ Շատ ավելի խորը ճեղքում կսկսվի ժողովրդի մեջ: Այլևս ոչ մի մայր չի ուզենա հերոս ծնել և դաստիարակել, իսկ դա ստրկության ճանապարհն է։ Մեր սուգը պայքար դարձնելուց առաջ, նախ պետք է ընդունել այդ ցավը ու փոխվել: Ընդունել, որ փոխվենք։ 


Առայժմ մեզ տանում են դեպի սպառող ու այդ պահին երջանիկ լինող հասարակության, որը ո՛չ հիշողություն ունի և ո'չ էլ երազանք, ինչը հատուկ է միայն ազգին։ 

Հայ ազգին բնորոշող "ես քո ցավը տանեմ" արտահայտությունը այլևս զուտ դատարկ լոզունգ է, որը օգտագործում ենք ինչ որ բան խնդրելիս։ 


Ազգ մնալու պայքարը դարձել է լոկ անհատի գիտակցված պայքար և ո'չ ավելին...

Իսկ ազգ դառնալու գործում պետական մոտեցում է պետք, առաջնորդ է պետք, ազգային նպատակ ունեցող առաջնորդ։ 


Ակամա հիշեցի հայտնի հեղափոխականներից մեկի խոսքերը. "Դու պետք է որոշես՝ դու ազգի՞ առաջնորդ ես, թե՞ ժողովրդի":


Ժողովրդից ազգ դառնալ է պետք, որ հայ մնանք, այլ ոչ սպառող։

Տիգրան Բալոյան

Կիսվել