Ըստ Արսեն Թորոսյանի՝ Ալեն Սիմոնյանը պատմության լավագույն ԱԺ նախագահն է

Աննա Անտոնյան Հունիս 29, 2026

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ալեն Սիմոնյանին համարում է Հայաստանի պատմության լավագույն Ազգային ժողովի նախագահը։ Այս մասին նա այսօր ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց։

«Ես Ալեն Սիմոնյանի աշխատանքը շատ բարձր եմ գնահատել և գնահատում, նա մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու «ՔՊ» վարչությունը որոշեց ԱԺ նախագահի թեկնածուին փոխել, նա նշել է.

«Տեղի է ունեցել գաղտնի, փակ քվեարկություն։ Ինչպես շատ դեպքերում, երբ մենք մեր գործընկերներին ընտրում ենք անձերի, դա անում ենք գաղտնի քվեարկությամբ։ Լինում է քննարկում, որի ավարտին վարչության անդամներս կարծիքներ ենք արտահայտում։ Նույն կերպ մենք նաև վարչություն ենք ընտրել․ ես վարչության անդամ եմ, նույն քվեարկությամբ վարչության նախագահն էլ ընտրվել է նույն սկզբունքով, ու այս հարցերը պարզապես տեղին չեն»։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նախարարների և փոխվարչապետերի էական փոփոխություններ չի լինելու, Թորոսյանն ասել է, որ ինչպես որոշի վարչապետը, այնպես էլ կլինի։

«Վարչապետը կորոշի, ինքն է մեզ ներկայացնում նշանակման կամ ազատման հարցերը։ Կգա օրը՝ կտեսնենք։ Ես գործադիրում կաշխատեմ այնքան, որքան կցանկանան իմ գործընկերները»,- ասել է նա։

Կիսվել