ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ էր 26-ը, ձեռնպահ՝ 1-ը։
Ազգային ժողովը քննարկում է ուղեվարձը չվճարելու համար նախատեսված տուգանքների նախագիծը։
Նախագիծը ներկայացնելիս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը մանրամասներ էր հայտնել, թե ինչպես է լինելու տուգանելու գործընթացը։
«Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում սահմանվում է 15-ապատիկի չափով, այսինքն՝ 15 հազար դրամ, և 3-ապատիկի չափով է սահմանվում, եթե ունի նման հնարավորություն, արտոնություն, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն՝ տրանսպորտային միջոց բարձրանալիս ձեռք է բերել համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել», - ասել էր ՏԿԵ փոխնախարարը։
Առաջարկվում է տուգանք. 3 հազար դրամ՝ տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում, 10 հազար դրամ՝ չվճարելով օգտվելու դեպքում, 15 հազար դրամ՝ այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։