Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ «Այս պատերի ներսում, այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ Սա ևս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխըմբռնման, բանակցության ուժի իմաստավորման, և, իհարկե, անխախտ բարեկամության:
Մեր երկու երկրները, ապրելով իսկապես բարդ տարածաշրջանում, անցնելով պատմության տարբեր հորձանուտների միջով՝ առանձնակի կարևորություն են հաղորդում դիվանագիտությանը՝ այն համարելով անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործիք: Նախարար Արաղչիի գիրքը կրկին փաստում է, որ միջազգային և տարածաշրջանային բնույթի հարցերի կարգավորման արդյունավետ բանաձևը դիվանագիտությունն է, և ես լիովին կիսում եմ այս մոտեցումը։
Դոկտոր Արաղչին իր գրքում նշում է. «Դիվանագիտությունը խաղ չէ, որտեղ պարտադիր պետք է հաղթել, այն գործընթաց է, որտեղ պարտադիր պետք է հասկանալ դիմացինին»։ Կարծում եմ սա առանցքային, հիմնարար դրույթ է, առանց որի գիտակցման հնարավոր չէ դիվանագիտական լուծումներ ակնկալել և փնտրել: