Ոստիկանը ծխախոտը հանգցրել է ոստիկանություն տարված անձի քթին. Պաշտպան

Աննա Անտոնյան Հունիս 13, 2023

Ոստիկանը ծխախոտը հանգցրել է ոստիկանություն տարված անձի քթին: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանի պաշտպանյալի նկատմամբ բռնության գործով պաշտպան Մարիամ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կողմից ոչ միայն բռնություն է կիրառվել, այլ նաեւ ձերբակալվել է: Բռնությունը գործադրվել է այն բանից հետո, երբ փաստաբանը ոստիկանների կողմից բռնության ենթարկված իր պաշտպանյալին փորձել է մասնագիտական աջակցություն ցուցաբերել:

«Պաշտպանյալս որեւէ հակաիրավական վարքագիծ չի դրսեւորել: Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է նա ենթարկվել դաժան ծեծի եւ խոշտանգման: Նրա քթի վրա ծխախոտ են հանգցրել, որոշ հատվածներ այրված են: Ունի բավականին վնասվածքներ, բժշկական հետազոտության է ենթարկվել եւ պարզվել է, որ ականջի թմբկաթաղանթի ամբողջականությունն է խախտված»,- պատմեց Մարիամ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության որոշումը բավականին ուշ է կայացվել եւ այն էլ պաշտպանների մեծ ջանքերից հետո. «Նա սուր ցավեր է ունեցել ՁՎՊ-ում, այնտեղից նրան շտապօգնության մեքենան տարել է հիվանդանոց»:

Մարիամ Աբրահամյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. «Մենք երեկ այցելեցինք նրան, պարզվեց, որ նա կողերի հատվածում լուրջ ցավեր ունի: Նրան առաջիկայում սպասվում է ականջի վիրահատություն»:

Փաստաբանը պատմեց, որ կալանքի միջնորդության քննության ժամանակ նույնպես իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է. «Երբ դատարանում կալանքի միջնորդության քննությունն էր, նախագահող դատավորին խնդրեցինք 10 րոպե ընդմիջում, որպեսզի կարողանանք 3 փաստաբաններով առանձին խոսել, որոշ հարցեր քննարկել պաշտպանության տակտիկան մշակելու հետ կապված, ուղեկցողներից մեկը չէր հեռանում տարածքից, բավականին երկար ժամանակ նրան փորձում էինք օրենքը բացատրել, որ նա իրավունք չունի այդտեղ սպասել: Ես դա նույնպես փաստաբանի գործունեության խոչընդոտում եմ համարում»:

Կիսվել