Վերին Լարսում խիստ հսկողությունը վերացվել է. կուտակումներ չկան. այս պահին այնտեղ 47 բեռնատար ունենք. մաքսային կցորդ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 06, 2023

Երեկվա դրությամբ  250 բեռնատարներ դուրս են եկել Հայաստանից դեպի Ռուսաստան, որոնց մի մասը ճանապարհին է, մյուս մասը հասել է Վերին Լարս, ձեւակերպվում է, գուցե մի մասը արդեն մտել է Ռուսաստան: Այս մասին նշեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Այս պահին դեպի Ռուսաստան մեկնող բեռնատարների մեջ հերթեր չունենք: Կան բավականին հերթեր Վերին Լարսի անցակետում, որոնք գալիս են Ռուսաստանից: Դրանք հիմնականում երրորդ երկրներ արտահանվող բեռներն են, որոնք հայկական բեռների հետ կապ չունեն: Հայկական բեռնատարները արտահերթ կարգով են սպասարկվում: Օրինակ, երեկ ընդհանուր առմամբ Լարսի անցակետով Ռուսաստանը լքել է 600 բեռնատար, որից 300-ը եղել են հայկական բեռնատարները, քանի որ մեր բեռնատարներին արտահերթ կարգով են սպասարկել: 

Ինչ վերաբերում է կոնյակով բեռնված հայկական բեռնատարներին, Վահան Հակոբյանը նշեց, որ այս պահին Վերին Լարսում կանգնած է 47 հայկական բեռնատար, որոնք սպասում են փորձաքննության պատասխաններին. «Խոստացել են, որ պատասխանները մեկ շաբաթում կլինեն: Մի պահ նման բեռնատարների թիվը հասել էր 90-ի, սակայն  50-ից ավելին արդեն մտել է Ռուսաստան: Կուտակումների պատճառը ուժեղացված հսկողությունն էր, որը հանվել է: Այդ 50 բեռնատարների դեպքում կամ փորձաքննության պատասխանները եկել էին, կամ չէին էլ ուղարկվել փորձաքննության: Երբ ուժեղացված հսկողությունը հանվեց, բեռնատարներն անցան»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ խիստ հսկողությունը հանվել է հոկտեմբերի 4-ի երեկոյան:

Այսպիսով այսուհետ  Վերին Լարսի անցակետից հայկական կոնյակը փորձաքննության հիմնականում չի ուղարկվելու, միայն եզակի դեպքերում, երբ լինեն խիստ կասկածներ ու հիմքեր: Ըստ անհրաժեշտության՝ բոլորի նկատմամբ լինելու է սովորական զննում:

Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ երեկ երեկոյան եղել են կոնյակով բեռնված բեռնատարներ, որոնք արագ անցել են Վերին Լարսով եւ մտել Ռուսաստան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն էր իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ: Ռուսական մաքսային ծառայությունը դեռ մարտ-ապրիլ ամիսներից էր սկսել հսկողություն  իրականացնել Հայաստանից ներմուծվող կոնյակների նկատմամբ՝ դա բացատրելով նրանով, որ հայտնաբերել են խախտումներ՝ կեղծ կոնյակներ և այլն: Սակայն օրեր առաջ այդ հսկողությունն ավելի էին ուժեղացրել՝ հսկողության իրականացնելով ոչ միայն կոնկրետ տնտեսավարողների նկատմամբ, այլ Հայաստանից գնացող ողջ կոնյակի:

Կիսվել