Վերաքննիչ քրեական դատարանը նոր նախագահ ունի

Աննա Անտոնյան Օգոստոս 02, 2022

Մինչ այս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Տիգրան Սահակյանն էր, որը նշանակվել էր 3 տարի ժամկետով։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Մխիթար Պապոյանը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ դատավորների միության կայքում։ Պապոյանին այդ պաշտոնում ընտրել է Բարձրագույն դատական խորհուրդը։
Մխիթար Պապոյանը ծնվել է 1977 թվականին Արմավիր քաղաքում:
2000–ականների սկզբին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում: 2006 թվականի հուլիս–սեպտեմբերին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում որպես ավագ մասնագետ: Եղել է նաև ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կազմակերպական վարչության պետ, Երևանի քրեական դատարանի դատավորի օգնական։
Աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական։ Դատավոր է եղել Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ինչպես նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում։
2015 թվականի փետրվարի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը նրան ընդգրկել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը մինչ այս եղել է Տիգրան Սահակյանը, որն այդ պաշտոնում 3 տարի ժամկետով նշանակվել էր 2021 թվականի հուլիսի 9-ին։ Նրա լիազորությունները դադարեցվել են 2022 թվականի հուլիսի 18-ին 65 տարին լրանալու կապակցությամբ։

Կիսվել