Վարդենիսի ոստիկանության բաժանմունքը պայթեցնելու փորձ կատարած 58-ամյա տղամարդը ձերբակալվել է. պատճառվել է գույքային վնաս

Աննա Անտոնյան Հունվար 12, 2023

Ոստիկանությունը եւ Քննչական կոմիտեն անդրադարձել են Վարդենիսի ոստիկանության բաժանմունքը պայթեցնելու փորձին։ NEWS.am-ը կառույցներից տեղեկանում է, որ գործողությունը կատարել է 58-ամյա տղամարդը, որը ձերբակալվել է։

Դեպքը տեղի է ունեցել  երեկ՝ հունվարի 11-ին։ Ըստ հաղորդագրության՝  անձը ոստիկանության հիշյալ բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք է նետել, որի պայթյունից կոտրվել են ոստիկանության բաժնի վարչական շենքի ապակիները, վնասվել հատուկ պահպանվող տարածքի սանհանգույցի տանիքը, պատը, ինչպես նաեւ վնասվել է դարպասը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննվել է դեպքի վայրը եւ արձանագրվել վնասվածքները:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի 58-ամյա բնակիչ է: Վերջինս անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է եւ ներկայացվել քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում առգրավվել են հիշյալ տղամարդու հագին եղած հագուստները, ստացվել են արգասիքի նմուշներ, որպես վկա դեպքի հանգամանքերի շուրջ հարցաքննվել է վերջինիս կինը:

Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությանը:

Նշանակվել է դատաապրանքագիտական, շինարարատեխնիկական, հետքաբանական եւ պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, ստացված նմուշներով եւ առգրավված հագուստներով նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցածի պատճառները եւ վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Կիսվել