«Վարչապետի գավաթ»-ի միջոցառումների նպատակն է՝ ցույց տալ հաղթելու մեր կամքը. Նիկոլ Փաշինյան

Աննա Անտոնյան Օգոստոս 24, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգեւատրման արարողությանը։ Այս մասին տեղեկանում է վարչապետի աշխատակազմից։

Մրցաշարն անկացվել է Սեւանա լճում՝  ՀՀ Գեղարքունիքի  մարզի  Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին  հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ: Կանայք մրցել են  1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Պարգեւները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ եւ դիպլոմներ է հանձնել նաեւ ամենատարեց մասնակիցներին:

Վարչապետը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ թույլ տվեք բոլորիս շնորհավորել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ: Մենք աշխատում ենք, եւ գաղափարն էլ հենց այդպիսին է՝ «Վարչապետի գավաթի» մրցաշարերն անցկացնել Հայաստանի պետականության համար կարեւոր օրերին: Իհարկե, միշտ չէ, որ ճշգրիտ համընկնում է, բայց գավաթի միջոցառումները նվիրված են հենց պետական տարբեր օրերին, եւ նպատակն էլ հենց դա է՝ ցույց տալ կապն օրվա իրադարձության եւ քաղաքացու, անհատի միջեւ, ցույց տալ ապրելու եւ արարելու, անկախ պետություն ունենալու, հաղթելու մեր կամքը,  ճեղքումներ իրականացնելու, նոր գաղափարներ բերելու եւ նոր գաղափարներն իրագործելու:

Ուզում եմ նախ եւս մեկ անգամ շնորհավորել բոլոր հաղթողերին եւ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին՝ առաջին հերթին այս մթնոլորտի համար: Պիտի անկեղծ խոստովանեմ, որ այո, իրոք կար պահ, երբ մտածում էինք, թե մեզ չի հաջողվի իրականացնել «Վարչապետի գավաթ» լողի մրցաշարը, այն էլ Սեւանա լճում: Քննարկում էինք եւ մտավախություն ունեինք, որ հնարավոր է մասնակիցների թիվը մինիմալ լինի: Ի ի վերջո քննարկումների արդյունքում որոշեցինք, որ եթե նույնիսկ մեկ մարդ մասնակցի՝ հանուն այդ այդ մեկ մարդու արձագանքին պետք է մրցաշարն իրագործենք: Չնայած ավելի քան 130 մասնակից ունենալը շատ լավ ցուցանիշ է, բայց մեր խնդիրն է այնպես անել, որ ամեն տարվա հետ մասնակիցներն ավելի շատանան:

Մեր հաջորդ խնդիրն է՝ ի վերջո եւս մեկ անգամ այս միջոցառմամբ ուշադրություն հրավիրել Սեւանա լճի, նրա զբոսաշրջային հնարավորությունների եւ մասնավորապես՝ այս ափի, արեւելյան ափի պոտենցիալի վրա, նաեւ, իհարկե, հնարավորություն ստեղծել, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները մրցման մեջ նաեւ ինքնադրսեւորվեն, հնարավություն ունենան իրենց ուժերը փորձարկել: Պիտի խնդրեմ եւս մեկ անգամ ծափերով ողջունենք մեր ամենատարիքով մասնակիցներին, որովհետեւ իսկապես մեծ անակնկալ էր, երբ իմացա, որ մեր մրցաշարին մասնակցում են 75, 81 տարեկան քաղաքացիներ: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ Վարչապետի հիմնադրամից 200 հազարական դրամ դրամական պարգեւ կփոխանցվի մրցաշարի ամենատարեց մասնակիցներին:

Հարգելի ներկաներ,

«Վարչապետի գավաթ» մրցաշարը կայանում է, եւ ուզում եմ մի նրբության մասին խոսել: Ցանկանում ենք «Վարչապետի գավաթ»-ի մրցաշարարեր իրականացնել այն մրցաձեւերից, որտեղ, ըստ էության, հնարավորինս քիչ թանկարժեք ենթակառուցվածքներ անհրաժեշտ կլինեն, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մարզվել եւ մասնակցել մրցումներին: Սեւանա լիճը, ցավոք, շատ կարճ սեզոնով, բայց մատչելի է բոլորին, բոլորը կարող են լողալ սովորել եւ պատրաստվել մյուս մրցաշարերին: Այդպես էլ վազքի մրցաշարը, սեղանի թենիսը, չնայած ավելի մեծ ներդրում է պահանջում, սակայն համեմատաբար ավելի մատչելի մրցաձեւ է, հեծանիվը նույնպես համեմատաբար մատչելի է: Իսկ դպրոցականների խճուղավազք մրցաշարը դառնում է «Վարչապետի գավաթ»-ի շարքի ամենակարեւոր, ամենագեղեցիկ անկյունաքարային միջոցառումը:

Կրկին ուզում եմ շնորհակալոււթյուն հայտնել  նախ այն ընկերություններին, որոնք աջակցում են այս մրցաշարի կազմակերպմանը: Նշվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անունը: Եվ շատ շնորհակալ եմ, որ աջակցում է լոգիստիկ հարցերով, նաեւ այն ընկերություններին, որոնք որպես հովանավոր են հանդես գալիս: Իհարկե, ՀՀ կառավարությունը հոգում է մրցաշարի բոլոր ծախսերը եւ կշարունակի հոգալ, բայց երբ նաեւ գործընկերներ են միանում, իրենց ներդրումն են բերում այս իրադարձության կազմակերպմանը, դա, իհարկե, կրկնակի ուրախալի է:

Շնորհակալություն կազմակերպիչներին, փրկարարներին, որոնք ուղեկցել են, բոլոր ներկաներին,  մրցաշարի մասնակիցներին: Մինչ հաջորդ հանդիպում՝ սեպտեմբերի 20-ին «Վարչապետի գավաթ»-ի հերթական մրցաշարին՝ խճուղային վազքին»:

Կիսվել